Մեկ ժամով անջատում ենք լույսերը. Այսօր աշխարհը նշում է «Մոլորակի ժամը»
Մարտի 24-ին, ժամը 20։30-21։30 Հայաստանն արդեն 10-րդ անգամ կմիանա «Մոլորակի ժամը» բնապահպանական միջոցառմանը՝ մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի և հանրապետության այլ քաղաքների գլխավոր փողոցների լուսավորությունը։
Այս համաշխարհային հանրային իրազեկման արշավի նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։ Միջոցառման այս տարվա գլխավոր թեման է կենսաբազմազանության պահպանությունը և մարդկանց հետևանքով կենսաբազմազանությանը պատճառված վնասների կանխումը։
«Մոլորակի ժամը» բնապահպանական արշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն բնակիչ անջատել է լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում։ Մասնակիցների թիվը տարեց տարի աճում է։ Այս տարի շուրջ 180 երկիր միացել է նախաձեռնությանը։