ԱԺ-ն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխություններ
2018 թվականի մարտի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում ներկայացրել է մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ընդունվել են։ Մասնավորապես՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունումը բխում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների պահանջից, համաձայն որի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն կարող է նախատեսվել բացառապես օրենքով: Լիազորող նորմը պետք է սահմանված լինի օրենքով և համապատասխանի որոշակիության սկզբունքին:
Նախագծերով առաջարկվում է համապատասխան օրենքներում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններին վերաբերող հոդվածներում ներառել այն իրավասությունները, որոնք գործող օրենսդրությամբ սահմանված են այլ իրավական ակտերում, հիմնականում ՀՀ կառավարության որոշումներում:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական եվ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք նույնպես ընդունվել են։
Օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստեղծմամբ, որին տրվել են նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությանը վերապահված լիազորությունները:
Տեսչական մարմնի գործունեությունը օրենքին համապատասխան իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեսչական մարմնի ստեղծման մասին որոշմամբ հանձնարարական էր տվել մշակել և ներկայացնել փոփոխությունների փաթեթ։
Նախագծերում ամրագրվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անվանումը, բնապահպանական պետական տեսուչների պաշտոնների անվանումները և վերանայվել են օրենքով ու օրենսգրքով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությանը վերապահված լիազորությունները: