Ինչ փոփոխություններ են սպասվում ՀՀ ջրային օրենսգրքում
Մարտի 2-ին ՀՀ ազգային ժողովում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը, որն ընդունվել է միաձայն: 93 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ և ձեռնպահ ձայներ չեն արձանագրվել:
Նշված նախագծի ընդունմամբ՝ համապարփակ կերպով կարգավորվելու են ջրահեռացման իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանվելու են կեղտաջրերի և ջրահեռացման համակարգերի տեսակները և ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը և մոնիտորինգին ներկայացվող պահանջները:
Օրենսդրական նախաձեռնությամբ ապահովում է ՀՀ ջրային օրենսգրքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, համաձայն որի ջրային ռեսուրսները համարվում են պետության բացառիկ սեփականությունը:
Սույն օրենքով, որոշակի պայմանների առկայության դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ սահմանվել է կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ: Այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու համար սահմանվել է արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի գործառույթ, որը վերապահվել միասնական օպերատորի սպասարկման տարածքներում՝ միասնական օպերատորին կամ մասնագիտացված կազմակերպություններին իրականացնելու համար:
Օրենքով խրախուսվում է կեղտաջրերի կրկնակի (երկրորդային) օգտագործումն օրենսդրությամբ թույլատրելի բոլոր նպատակներով, եթե դրանք կհամապատասխան են նպատակային ջրօգտագործման որակական պահանջներին: Բացի այդ, բնապահպանական հարկը խթանող նորմերն ընդգրկում են տնտեսական գործունեության բոլոր ոլորտները, ի տարբերություն ներկայումս գործող միայն ձկնաբուծության և խեցգետնաբուծության ոլորտի:
Միաժամանակ, օրենքով սահմանվում է ոռոգման ջրի որակի ստանդարտները հաստատելու անհրաժեշտությունը՝ կեղտաջրերի օգտագործումը ոռոգման նպատակով կանոնակարգելու համար: Դրանով մաքրված կեղտաջուրը դիտարկվում է որպես ջրային ռեսուրս:
Ընդունված իրավական ակտով նորմեր են նախատեսված նաև համայնքների համար՝ տեղական ենթակառուցվածքներ ստեղծելու պարտականության ուղղությամբ, մասնավորապես համայնքները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերով: Այս իրավական նորմի նպատակը ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղության մշակումն է և դրա իրականացման տեսլականը և կանոնակարգումը, որից հետո հստակ կարող է սահմանվել համայնքների նկատմամբ պարտականության սահմանման ժամանակացույցը:
Ջրահեռացման ոլորտում ներդրումների խթանման նպատակով, հատկապես միասնական օպերատորի սպասարկման տարածքում չընդգրկված համայնքների ջրահեռացումը բարելավելու տեսանկյունից նախատեսվել է տարանջատել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները, որպես առանձին ծառայությունների տեսակներ՝ Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի իրավասությունների, այդ թվում նրա կողմից լիցենզիայի տրամադրման ոլորտում, քանի որ այդ ծառայությունները կարող են իրականացնել տարբեր սուբյեկտներ: Համաձայն վերոնշյալի, նախատեսվել է տարանջատել նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար գանձվող պետական տուրքը: