Զինված ռեյնջերները՝ անպօրինի ծառահատումների դեմ (տեսանյութ)
2017թ.-ին ծավալուն ուսումնասիրություններ են իրականացվել, որոնց արդյունքում «Հայանտառ»-ում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի առաջին տեղակալ Ռուբեն Պետրոսյանը: Վերջինս նշեց նաև, որ նշված պաշտոնյաներից միայն 4-ն են «Հայանտառ»-ի աշխատակիցներ եղել:
Ռուբեն Պետրոսյանը խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին՝ ասելով. «Եթե անատառապահը ստանում է 70.000 դրամ աշխատավարձ, չունի տրանսպորտային միջոց և այլ պայմաններ, այլ ունի միայն պարտականություններ, ինչպե՞ս պետք է կարողանա իրեն կցված 1500 հեկտար տարածքի պահպանությունը հոգալ»:
Վերջինս նշեց, որ ոլորտում սպասվող բարեփոխումների արդյունքում անտառների օգտագործումը տարանջատվելու է պահպանությունից: Եթե նախկինում անտառապահը որպես պահակ էր հանդես գալիս, այժմ նրանք ռենջերներ են լինելու, մարդիկ, ովքեր զինված հատուկ ծառայություններ են իրականացնելու, իրավունք են ունենալու խախտում հայտնաբերելու դեպքում տեղում խլելու ապօրինի հատված փայտը և այլն:
Գլխավոր անտառապետը կարծիք հայտնեց նաև, որ անհրաժեշտություն կա ավելացնելու օրինական հատումների թիվը: Ըստ Ռուբեն Պետրոսյանի՝ վերջին ժամանակներս պետությունը լրջորեն սկսել է զբաղվել այս խնդրի լուծմամբ՝ մեծացնելով ծախսերը:
Ասուլիսին ներկա էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը, բնապահպաններ Կարինե Դանիելյանը և Սիլվա Ադամյանը: Իգոր Սարգսյանը տեղեկացրեց, որ «Դիլիջան ազգային պարկ»-ում 2017թ. նոյեմբերի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի հատված 16.000 ծառ: Անտառների ընդհանուր ստուգումների արդյունքում անտառներին հասցված վնասը 3 մլրդ դրամից ավելի է եղել: Ըստ նրա նախկինում ևս եղել են նման խնդիրներ, սակայն պետությունը միջոցներ է ձեռնարկում հետագայում դրանք նվազեցնելու և կանխելու համար:
Սիլվա Ադամյանը բարձրաձայնեց նաև վերջերս «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ահազանգի մասին, ըստ որի «Արևիկ» ազգային պարկում ապօրինաբար հատվել է շուրջ 600 ծառ, ինչի մասին տեղյակ են եղել նաև պարկի աշխատակիցները, սակայն չեն հայտնել համապատասխան մարմիններին: Ըստ Իգոր Սարգսյանի, «Արևիկ» ազգային պարկում ակժմ ստուգումներ են ընթանում:
Մանրամասները՝ տեսանյութում: