Ձկնաբուծարանների ջրի ծախսը վերահսկելու համար կտեղադրվի ավտոմատ կառավարման համակարգ. Փոխնախարար
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2018թ.-ին բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները և գերակա խնդիրները։ 2018թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը ավտոմատ կառավարման համակարգ կներդնի Արարատյան հարթավայրում` մշտադիտարկելու Արարատյան արտեզյան ավազանի ձկնաբուծարանների ջրօգտագործումը:
Վերջինս մանրամասնեց. «Այս տարի մեր հիմնական անելիքները միտված են լինելու ավտոմատ կառավարման համակարգի ներդմանը բոլոր խորքային հորերի վրա: Առաջին փուլով ձկնաբուծական տնտեսություններում է դրվելու: Մրցույթը կայացել է, և մոտ օրերս մենք նախարարությունում կունենանք կենտրոնացված համակարգը, որը դաշտում առկա տվիչներից տեղեկատվությունը կվերցնի և հնարավոր կլինի մեկ պատուհանով մշտադիտարկում իրականացնել բոլոր այն կետերում, որտեղ սարքերը տեղադրված են»:
Փոխնախարարը մանրամասնեց, որ կա նաև պայմանավորվածություն մասնավորի հետ և իրենց կողմից նույնպես տեղադրվելու են հոսքաչափական սարքեր, ինչը թույլ կտա միավոր ժամանակի ճշգրտությամբ ջրօգտագործման ծավալները հստակ արձանագրել, սա էլ իր հերթին կբերի կառավարման արդյունավետությանը: