«Թեղուտ» ՓԲ կրճատում է աշխատողներին, դադարեցվում է հանքի շահագործումը
Ի լրումն 24.01.2018թ. տեղեկատվության «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարում են.
Իր գործունեության ու զարգացման ներկա փուլում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) զբաղված է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ, որի շրջանակներում կարիք է առաջացել ներգրավել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հեղինակություն ու ճանաչում ունեցող կազմակերպությունների՝ ծավալուն գիտակիրառական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու և Ընկերությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ գործնական լուծումներ տալու և, ի թիվս այլոց, հանքաքարի վերամշակման տեխնիկական և տեխնոլոգիական առավել բարձր ցուցանիշներ ապահովելու համար՝ հանքավայրի շահագործման ընդլայնման արդյուքնում նախատեսվող արտադրական ծավալների հաշվառմամբ։ Միայն նմանատիպ քայլերով Ընկերությունը կկարողանա իրագործել հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծրագրի իրականացման նպատակով ներգրավված վարկային միջոցները վերադարձնելու ու հավելյալ արդյունք ձևավորելու իր նպատակները։ Մինչ ներգրավված մասնագիտացված կազմակերպություններին առաջադրված խնդիրների վերաբերյալ հիմնավոր համակարգային լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը, Ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։
Տևական կանգառի պայմաններում Ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով։ Ավելին, չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, Ընկերությունը, ստիպված, կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։ Այս օրերին աշխատանքային հարաբերությունները օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո լուծելու վերաբերյալ ծանուցումներ են ստանում Ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները: Այդ մասին սահմանված կարգով տեղեկացվել են նաև պետական իրավասու մարմինները։
Հարկ է նշել, որ համապատասխան ծանուցման պահից մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից արձակման պահը, Ընկերության բոլոր աշխատակիցներին կվճարվեն վերջիններիս աշխատավարձերը ամբողջական, կամ՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակահատվածի համար, միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով: Բացի այդ, աշխատանքային պայմանագրի լուծման պահին անորոշ ժամկետով աշխատող բոլոր անձանց կվճարվի նաև արձակման նպաստ՝ վերջիններիս մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:
Վերոհիշյալ աննախադեպ գործողության կատարումից հետո, Ընկերության աշխատողների թվաքանակը կսահմանափակվի Ընկերութան՝ բարդ և հատուկ խնամք ու սպասարկում պահանջող սարքավորումների, արտադրական հանգույցների ու ենթակառուցվածքների ֆիզիկական պաշտպանության, վիճակի պահպանման ու ընթացիկ (արտադրող կազմակերպությունների կողմից առաջադրված) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ նվազագույն անձնակազմով։ Զուգահեռաբար, «Վալլեքս» ընկերությունների խումբը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները կրճատումների արդյունքում աշխատանքից ազատվող անձանց մի մասին խմբի այլ ընկերություններ տեղափոխելու և համապատասխան աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
Ստեղծված պայմաններում Ընկերությունն անցնում է իր տարածքի և գույքի պահպանության առավել խստացված ռեժիմի: Նախատեսվում է տարածքի պահպանության գործառույթը վստահել Հայաստանի Հանրապետությունում մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպության, որը դա կիրականացնի օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով:
Հաշվի առնելով Ընկերութան և «Վալլեքս» խմբի այլ ընկերությունների կողմից ներկայում Հայաստանում և Արցախում իրականացվող, ինչպես նաև նախապատրաստվող խոշոր ներդրումային ծրագրերը, դրանց շրջանակներում «Վալլեքս» խմբի և նրա անդամ առանձին կազմակերպությունների կառավարման առանձնահատկություններն ու յուրաքանչյուրի առջև առկա առօրյա խնդիրները, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը որոշում է կայացրել տարանջատել Ընկերության Դիտորդ խորհրդի նախագահի և Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի (գլխավոր տնօրենի) գործառույթները և գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Սահակ Կարապետյանին, ով խմբի կազմակերպություններում աշխատում է շուրջ 20 տարի։ Ընդ որում, Վալերի Մեջլումյանը շարունակում է կատարել Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնող կոլեգիալ մարմնի՝ Դիտորդ խորհրդի, նախագահի պարտականությունները։
Ընկերությունը հավատարիմ է մնում հարակից համայնքների հետ համահունչ աճելու ու զարգանալու իր գաղափարախոսությանը և շարունակում է կենսագործել համայնքներին աջակցության իր ծրագրերը: Որպես օրինակ կարող ենք նշել, որ Շնող համայնքում շուտով կմեկնարկեն գյուղի գլխավոր փողոցներից մեկի` 3-րդ փողոցի վերանորոգման, դրան հարող կոյուղագծերի ու համապատասխան ենթահամակարգի շինարարության աշխատանքները, որոնք իրականացվելու են Ընկերության կողմից Շնող համայնքին տրամադրվող ֆինանսական աջակցության հաշվին:
Համոզված ենք, որ միայն շարունակական ու արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև մեր աշխատակիցների, գործընկերների ու հարակից համայնքների բնակչության ջանքերի համատեղման արդյունքում կկարողանանք հաղթահարել զարգացման այս բարդ փուլում Ընկերության առջև ծառացած խնդիրները: