Թեղուտի պարզարանից վերցված նմուշառման արդյունքները համապատասխանում են սահմանված նորմերին. Տեսչական մարմին
«Թեղուտ» ՓԲԸ-ի պարզարանից վերցված նմուշառման արդյունքները համապատասխանում են սահմանված նորմերին: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:
Ինչպես մեզ հետ զրույցում մանրամասնեց Վրույր Պեպանյանը, խոսքը արտադրական հոսքաջրերի պարզարանի մասին է, որտեղից ենթադրվում էր, որ կարող էր լինել պարզաջրերի արտահոսք, սակայն արտահոսքի հետքեր չեն հայտնաբերվել, բայց ամեն դեպքում լրացուցիչ նմուշառում է արվել պարզարանից և վերցված նմուշառման արդյունքները համապատասխանել են սահմանված նորմերին:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց «Թեղուտի» հանքի պոչամբարի վնասված լինելու մասին, ինչի հետևանքով էլ թունավոր թափոնները լցվել են Դեբեդ գետ: Տեղեկության տարածումից բարձրացված զանգվածային անհանգստությանն արձագանքեց Բնապահպանության և ընդերքի տեսչկական մարմինը՝ հայտնելով, որ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՓԲ ընկերություն, զննել են պոչամբարի տարածքը: Նախնական ուսումնասիրությամբ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաև պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից լրացուցիչ կատարել են նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ: Մեզ հետ զրույցում Վրույր Պեպանյանը հայտնել էր նաև, որ նմուշառում է կատարվել Շնող գետից նույնպես:
Բարձրացված աղմուկին «Վալլեքս» ընկերությունը արձագանքեց միայն մի քանի օր անց՝ հաստատելով, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում ժամանակավորապես դադարեցվել է արտադրությունը: «Աշխատանքների դադարը կարող է տևել 2 ամիս և ավելի, քանի որ այդ ժամանակահատվածում պետք է լուծվի նաև պոչամբարի մեջ լցվող պոչանքների տեխնոլոգիական պարամետրերը նոր ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրը։ Դա անհրաժեշտ կլինի հատկապես մոտակա տարիներին կոմբինատի պլանավորված զարգացման ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք նաև, որ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության տեղեկություններով՝ ««Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարի կայունության և տեխնիկական խնդիրները շատ լուրջ են ու դրանք իսկապես վերացնելու համար անհրաժեշտ է մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում, որը չկա։ Հարց է նաև, թե արդյո՞ք ընդհանրապես հնարավոր է այդ և մնացած խնդիրները լուծել։ Ըստ տեղեկությունների Վալերի Մեջլումյանն արդեն իսկ հրաժարական է տվել «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, իսկ աշխատակիցներին ապրիլի 1-ից ազատելու են։ Իսկ թե ի՞նչ է լինելու հետո՝ հայտնի չէ»։