«Թեղուտի» պոչամբարից արտահոսքի հետք չի հայտնաբերվել. տեսուչները Դեբեդից նմուշառում են կատարել

«Թեղուտ» ՓԲ ընկերության պոչամբարից տեղի ունեցած արտահոսքերի վերաբերյալ 2018թ. հունվարի 19-ից 22-ը տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հունվարի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՓԲ ընկերություն, զննել են պոչամբարի տարածքը: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Նախնական ուսումնասիրությամբ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաև պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել:

Հաշվի առնելով հարցի հնչեղությունը և կարևորությունը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից լրացուցիչ կատարել են նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ ըստ որոշ աղբյուրների, «Թեղուտ» ՓԲ ընկերության պոչամբարը վնասվել է ու թունավոր թափոնները 4 օր է լցվում են Դեբեդ գետ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում