Անմարդկային քաղց, թե՞ հոգեկան շեղում. դաժանության անսահման «սահմանները» (ֆոտո)

Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է: Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք վկայում են մեր հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին: Ներկայացնենք ևս մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, դուրս է առողջ մարդու տրամաբանությունից և աչքի է ընկնում առանձնակի բարբարոսությամբ:

25-ամյա այս երիտասարդը «տարօրինակ» նախասիրություն ունի. Առանձնահատուկ դաժանաբար է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի և այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում:

Ուշագրավ է այն դաժանությունը, որով նա կատարում է, իր կողմից այսպես կոչված, «որսը»: Ստորև ցուցադրված լուսանկարում գայլին որսալուց հետո, երիտասարդը մորթել է կենդանուն և օրգանիզմի ամբողջ պարունակությամբ հանդերձ լուսանկարը բեռնել համացանց: Վերջինս սոց. ցանցում բեռնված լուսանկարում մեկնաբանում է՝ « ...Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել ու թոքի կեսը չորացրել լաքել եմ... »:

25-ամյա Խորեն Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից և դրանց մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ վերջինս սպանում է որսատեսակ չհանդիսացող կենդանիներ և ավելին՝ ուտում է կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք դժվար է «ախորժելի» անվանելը: Երիտասարդը, ըստ իր սեփական մեկնաբանությունների, կերել է գայլ, աղվես և դրա ձագերին, ոզնի, մողես, օձ և անգամ շատ մանր կենդանիներ:

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստորև ցուցադրված լուսանկարում քնամկան ձագեր են, որոնք ընդհանրապես պիտանի չեն որպես սնունդ: Նրա գնահատմամբ երիտասարդն ուղղակի տանջում է կենդանիներին:

Պարոն Ղասաբյանը հայտնեց նաև` օձը, որին երիտասարդը սեփական պնդմամբ կերել է, գյուրզա է: Մյուս լուսանկարում էլ կովկասյան ագամա է, որն ընդգրկված է միջազգային IUCN Կարմիր ցուցակում:

25-ամյա Խորեն Գրիգորյանի լուսանկարներում ուշագրավ են նաև սպանված և գլխատված երեք աղվեսները:

Մեջբերենք նաև հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ մեր ունեցած զրույցից հատված. «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Հոգեբանական խնդիրները տարբեր կարող են լինել, բայց այն, որ դրանք կան՝ միանշանակ է: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն: Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասաց հոգեբանը:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց նաև որսորդ Մհեր Փարվանյանի հետ, ով նշեց, որ նման կենդանիների մսով կամ օրգաններով սնվելը վտանգավոր է առաջին հերթին հենց տվյալ մարդու համար: «Ճիշտն ասած դա անվտանգ չէ, ինքն է հիվանդանալու: Դա տարօրինակ է և վտանգավոր: Օրինակ՝ աղվեսը մի շարք հիվանդությունների կրող և փոխանցող է: Այն սկսած տարբեր ինֆեկցիոն վարակներից մինչև կատաղության կրող է: 1990-ական 2000-ական թվականներին շատ եմ լսել, որ աղվես ու անգամ շնագայլ են կերել, բայց դա անվտանգ չէ: Ամենակերի համար միգուցե և նորմալ է»,- մանրամասնեց նա:

Օրերս Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանության մասին խոսեցին կենդանապաշտպաններ Նարե Արամյանը, Սիլվա Ադամյանն ու Կարինե Փանոսյանը: «Եթե հաշվի առնենք ընդհանուր առմամբ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի խնդրի շուրջ ծավալված լուծումները, մոտեցումները 2017թ.-ի ընթացքում, ապա իհարկե պետք է շեշտը դնել այն դրական փոփոխությունների վրա, որոնք իսկապես քաղաքացիական հասարակության աշխատանքի արդյունքն են: Սա շատ ողջունելի է, և նշանակում է, որ կենդանասերների բազմությունն ավելի է խտանում: Հենց այս միջոցով է, որ հնարավոր է լինում պատկան մարմիններին ստիպել աշխատել իրենց անմիջական գործառույթների շրջանակներում: Այնուամենայնիվ՝ ամփոփելով այս ցավալի արդյունքները, պետք է նշել, որ որևէ դրական, եթե չասենք բացասական, հատկապես օրենսդրական դաշտում չենք արձանագրել»:

Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից նման դեպքերի հրապարակումն ու լուսաբանումը միտված է հասարակությանը ցուցադրելու դրանց բացասական կողմերը և փոխելու կարծրացած նորմերն ու վարքագիծը:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում