Բնապահպանության փոխնախարարն ազգային զեկույց է ներկայացրել Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթնաժողովում
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում կայացած Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթնաժողովի 3-րդ նստաշրջանին։
«Դեպի մաքուր մոլորակ» թեմայով հանդիպման նպատակն էր քննարկել օդի, ջրի, հողի, մարդու առողջության և կենսաբազմազանությանն ուղղված խնդիրները և դրանց աղտոտվածության նվազեցման գործընթացները:
Բարձրաստիճան հանդիպման շրջանակներում անցկացվել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարների, շահագրգիռ կողմերի միջև երկխոսություններ, նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հարցը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր երկրում աղտոտվածության նվազեցման դեմ կատարված գործողությունները:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել գագաթնաժողովի նախագահ Էդգար Գուտիրեես Էսպելետայի և հաջորդ գագաթնաժողովի նախագահ ընտրված Սիիմ Կիիսլերի հետ։
ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի տնօրեն Էրիկ Սոլհեյմի հետ քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի կողմից իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հարցեր։
Քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մեքենաների և վառելիքի ուսումնասիրության համար 25 000 դոլար դրամաշնորհ տրամադրել Հայաստանին։
Հունաստանի բնապահպանության այլընտրանքային նախարար Սոկրատիս Ֆամելոսի հետ քննարկվել է Հայաստանի և Հունաստանի հանրապետությունների միջև բնապահպանության ոլորտում լայնամասշտաբ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես կոնվենցիաների շրջանակներում տեսակետների համադրման և առաջնայնությունների հստակեցման բնագավառներում:
Իրկուտսկի նահանգապետ Սերգեյ Լեվչենկոյի և Տարածաշրջանային լճերի միջազգային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Տիմչենկոյի հետ քննարկվել է ասոցիացիային Սևանա լճի անդամակցության և Բայկալ լճի խնդիրների լուծման շրջանակներում հայկական փորձի ուսումնասիրման հարցերը։
Սաուդյան Արաբիայի բնապահպանության, ջրերի և գյուղատնտեսության փոխնախարար Օսամա Ֆեքեհայի հետ քննարկվել է ստորգետնյա ջրերի կառավարման ոլորտում երկու երկրների փորձի ուսումնասիրության հնարավորությունները։
Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հանդիպման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է․Գրիգորյանի բարձրացրած բնապահպանական պլատֆորմներն այլ քաղաքական նպատակներով չօգտագործելու առաջարկն աջակցություն է ստացել խմբի մասնակիցների կողմից։
Հանդիպումներ ունենալով Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բելգիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Լյուքսեմբուրգի, Էկվադորի բնապահպանության նախարարների հետ՝ Է․ Գրիգորյանը քննարկել է հնարավոր համագործակցության հեռանկարները։
Գագաթնաժողովի ընթացքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալն առանձնազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի բնապահպանական հարցերով կոմիսար Կարմենու Վելլայի հետ, մանրամասն քննարկել ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման շրջանակները։
Նախարարի տեղակալը հանդիպել է նաև «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ներկայացուցիչների և Կլիմայի փոփոխության կոնվենցիայի քարտուղարի հետ, քննարկել ֆինանսների ծավալների ավելացման հնարավոր տարբերակները, պայմանավորվածություններ է ձեռք բերվել ուղղակիորեն աշխատել «Կանաչ կլիմայի» հիմնադրամի համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ծրագրերի իրականացման և ֆինանսավորման գործընթացի օպտիմալացման նպատակով։
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ ազգային զեկույցով: Քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակներն արտահերթ ձայն են խնդրել և հերթական անգամ խոսել ղարաբաղյան խնդրի մասին, ինչին ի պատասխան Է․Գրիգորյանը կրկին հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Արցախյան հիմնահարցի վերաբերյալ պարզաբանումներ։