Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Աշխատանքային խմբում եղել են գերատեսչության Կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և պատասխանատու այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Այցելության նպատակը գիտական կենտրոնի հետ համագործակցության նոր փուլի մեկնարկն էր:

Ա. Մինասյանը շրջայց է կատարել Բյուրականի աստղադիտարանի տարածքում, ծանոթացել պուրակի ներկա վիճակին: Նախարարին ներկայացվել է նաև մեծ աստղադիտակի աշխատանքը:

Աստղադիտարանի տնօրինությունը դեռևս 2010 թվականին հանդես էր եկել իրեն պատկանող տարածքներում դենդրոպարկ հիմնելու նախաձեռնությամբ:Առաջարկի մասին տեղյակ էր պահվել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել էր օպերատիվ գործողություններ սկսել այդ ուղղությամբ:

Որպես համատեղ աշխատանքի մեկնարկ` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը իր ելույթում նշել է, որ աստղագետները շատ կարևորում են բնապահպանական խնդիրները, մասնավորապես գիշերային երկնքի` մթության պաշտպանումը արհեստական լուսավորությունից: Արծվիկ Մինասյանը նկատել է, որ Աստղադիտարանի 50 հա տարածքը հարուստ է բույսերով և կենդանիներով, և դրանց տեսակների ավելացումը կարևոր է ազգային արժեք համարվող աստղադիտարանի համար, ինչ նպատակով էլ առաջարկել են ստեղծել դենդրոպարկը:
Բնապահպանության նախարարը շեշտել է այն իրողությունը, որ Հանրապետության խոշոր գիտական կառույցը կարևորում է բնապահպանական խնդիրները, ինչը էկոմշակույթի ձևավորման ակնառու օրինակ է և ուղերձ մյուս նմանատիպ և տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին: Այս տեսանկյունից նախարարը օրինաչափ է համարել, որ համագործակցությունը կառուցվելու է դենդրոպարկի հիմնման գործընթացի շուրջ: Սակայն այդ համագործակցությունը հետագայում խորացվելու է: Մեծացվելու է կիրառական տիեզերագիտության օգտագործումը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում` Հայաստան հրավիրելով այդ ուղղությամբ աշխատող միջազգային գիտական կենտրոնների փորձագետներին: «Աստղադիտարանի տարածքում դենդրոպարկի առկայությունը կհամադրի էկոտուրիզմը և գիտական տուրիզմը, ինչը կնպաստի արտերկրից Հայաստան մասնագետների հոսքին: Համաձայնագրով մեծ գործընթացի մեկնարկ է տրվում` շրջակա միջավայրի պահպանության գործում գիտական կենտրոնների ուղղակի ներգրավման ձևաչափով»,- նկատել է Արծվիկ Մինասյանը:

Նախարարը տեղում պատասխանատու ստրաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մեկշաբաթյան ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում