Կայացել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության նախագծի հանրային քննարկումը
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի են ունեցել «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության» նախագծի հանրային լսումները: Քննարկումներին մասնակցել են Հայաստանի պետական գերատեսչությունների առաջատար բուհերի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ով ողջունելով հյուրերին նշել է. «Ներկայում տնտեսական զարգացումներով պայմանավորված էկոլոգիական խնդիրների խորացումն առավել ակնհայտ է դարձնում էկոկրթության և դաստիարակության դերի բարձրացման անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է երկրում ստեղծված անբարենպաստ էկոլոգիական վիճակով, որի պայմաններում դիտվում է զգալի անհամապատասխանություն տնտեսական աճի և շրջակա միջավայրի որակի միջև, որի պատճառներից մեկը հասարակական էկոլոգիական գիտակցության ու բնապահպանական վարվելաձևի խիստ ցածր մակարդակն է: Այս առումով շատ կարևոր է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն» նախագիծը, որը ներառված է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների մեջ։ Այն իր մեջ կներառի կոնկրետ գործողություններ, կոնկրետ ուղղություններ, և կթիրախավորի բոլոր անելիքները էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև մի շարք միջազգային կրթական և բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններից»:
Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ զեկույցով հանդես են եկել նաև Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում ստեղծված «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Սամվել Բալոյանը և խմբի մյուս անդամները։ Ս. Բալոյանը ներկայացրել է փաստաթղթում առկա հիմնական դրույթները, նպատակները ու խնդիրները, առկա վիճակի վերլուծությունը, ինչպես նաև ռազմավարության իրականացումից ակնկալվող արդյունքները:
Աշխատանքային խմբի անդամները և ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Վարդանյանը պատասխանել են հանրային քննարկման մասնակիցների բարձրացրած հարցերին:
Կազմակերպված լսումների ընթացքում «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն» փաստաթղթի վերաբերյալ հնչել են կարծիքներ և առաջարկություններ, որոնք կընդգրկվեն ռազմավարության լրամշակված տարբերակում: