Տարեկան հարյուրավոր երեխաներ են մահանում դելֆինների հարվածներից. Կենդանապաշտպաններն ահազանգում են

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին կենդանապաշտպանները հերթական անգամ ահազանգեցին անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների՝ այս դեպքում դելֆինների մասին: Ասուլիսի մասնակիցներն էին իրավապաշտպան, կենդանապաշտպան Նարե Արամյանը, բնապահպան, "Help Dolphins" նախաձեռնության հիմնադիր Սիլվա Ադամյանը, նույն նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը, ինչպես նաև դելֆինների ազատության համար պայքարող և խնդրի շուրջ գործարար մարդկանց միավորող ակտիվիստ, Դիլիջանում գործարարության զբաղվող Վարդա Ավետիսյանը:

«Եթե չկա որևէ նորմ, որևէ ստանդարտ, որը նման խնդիրը կարող է դիտարկել ու լուծել Հայաստանում, ապա չի կարող անգամ պարտավորություն լինել իրազեկելու մասին: Բայց մյուս կողմից հասկանալի է, որ չի կարող առանց Բնապահպանության նախարարության անմիջական վերահսկողության նման թույլտվություն լինել: Եվ ո՞վ է այսօր Բնապահպանության նախարարությունը, որ առանց փորձագիտական եզրակացության, առանց միջազգային ստանդարտները հաշվի առնելու բացարձակ տգետ թույլտվություն տա մի խնդրի վերաբերյալ, որն անմիջապես մեր բնակչությանն է վերաբերում: Եթե իրենք իսկապես այդքան անկարող են խնդիրները լուծելու, ապա թող դիմեն մասնագետներին կամ ուղղակի թող գնան տուն քնեն»,- ասաց Նարե Արամյանը:

Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի, Առողջապահության միջազգային կազմակերպության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ պետություն, սակայն այս պայմաններում վայրի կենդանիներ պահելու փաստը խզում է բոլոր այս կառույցների և միջազգային ստանդարտներով ընդունված նորմերը: Ինչպես նշում է Սիլվա Ադամյանը, արդեն բազմաթիվ երկրներ հրաժարվել են դելֆինարիաներից, անգամ Ռուսաստանում են այժմ խոշոր բողոքի ակցիաներ անցկացվում այս խնդրի շուրջ, քանի որ բազմից ապացուցվել է՝ դելֆիններն այն կենդանիները չեն, ում կարելի է պահել անազատ պայմաններում:

«Այս պայմաններում պահվող կենդանիները կարող են իսկապես շատ վտանգավոր լինել: Տարեկան հարյուրավոր երեխաներ են վախճանվում դելֆինների հարվածներից, նույնիսկ իրենց վարժեցնողներն են մահանում: Նույնիսկ դեպք է գրանցվել, որ մարզիչը, ով վաղուց հրաժարվել է իր գործից ասում է, որ այնտեղ դելֆիններից մեկը, որը ագրեսիվ էր և պարբերաբար հարձակվում էր ոչ միայն մարզիչների այլ նաև ամեն ինչ անում էր, որ հարձակվեր նաև հանդիսատեսի վրա, նրան մեկուսացնում էին, սոված էին պահում, խեղճանում էր, հետո վերադարձնում էին լողավազան: Այս դեպքում, ինչպե՞ս մենք կարող ենք մտածել, որ դելֆինը կարող է լինել առողջարար երեխայի համար»,- լրագրողներին ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը:

Ասուլիսին ներկա էր նաև ԱՄՆ-ից հայաստան տեղափոխված, Դիլիջանում գործարարությամբ զբաղվող ակտիվիստ Վարդա Ավետիսյանը: Վերջինս պատմում է՝ Դիլիջանում նման զվարճանքի կենտրոնի մասին բացասական արտահատվելուց հետո իր բիզնեսի նկատմամբ սկսվել են ճնշումներ: Հյուրանոցի կառավարիչը, որտեղ գտնվում են դելֆինները, մյուս աշխատակիցների հետ միասին տաբեր տեսակի ճնշումներ է գործադրել Հայաստանում որակյալ ռեստորանային բիզնես գործունեությամբ զբաղվող Վարդա Ավետիսյանի նկատմամբ: Ինչպես նշում է բանախոսը, զվարճանքի այս ձևի մասին բողոք է արտահայտում ոչ միայն ինքը, այլև շատ այլ գործարարներ, այդ թվում՝ տուրիստական գործակալություններ, որոնք պատրաստվում են բոյկոտել տվյալ հյուրանոցը:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում