Կենդանապաշտպանների «հաղթանակը» Հրազդանում. քաղաքապետարանը ելքեր է փնտրում

Հրազդանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ օրենքը, «սխալ ծանուցմամբ» լսում է անցկացրել և քաղաքացուն ենթարկել անօրինական տույժի: Ինչպես տեղեկացրել ենք երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Հրազդանի քաղաքապետարանը պարբերաբար տարբեր տեսակի ճնշումներ է գործադրում բնակչուհի Սյուզան Անանյանի վրա՝ «վրեժխնդիր լինելով» նրանից լրատվամիջոցներին տրամադրած քրեական հանցագործության մասին վկայող ապացույցների համար:

Իրականում Հրազդանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ օրենքը, ոտնահարել քաղաքացու իրավունքները: Իբր այսօր՝ սեպտեմբերի 29-ին նշանակված հանրային լսումներին ներկա են գտնվել նաև «Դինգո» թիմի անդամները, ովքեր պաշտպանել են քաղաքացու շահերը՝ մատնացույց անելով քաղաքապետարանի լրջագույն սխալները:

Մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում  «Դինգո» թիմի համակարգող Գոհար Մանուշակյանը պատմեց՝ հարևանները բողոք են գրել, որ կինը տանը պահում է կենդանիներ և կերակրում է դրսի կենդանիներին: «Բողոքը փոխանցվել է ոստիկանություն, որն էլ համարել է, որ դա ոստիկանության հարցը չի, որովհետև իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում ու բողոքը փոխանցել են քաղաքապետարան: Սկզբում կնոջը նամակ է եկել, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին քաղաքապետարանում տեղի է ունենալու նիստ, որի ժամանակ որոշվելու է՝ ինչ պետք է լինի: Բայց տվյալ քաղաքացուն երեկվա ամսաթվով (28.09.2017թ. խմբ.) գալիս է նամակ, որ նիստն արդեն (22.09.2017թ. խմբ.) տեղի է ունեցել և իրեն տուգանել են համաձայն վարչական իրավախախտումների մասին օրենքի 113 հոդվածի 1-ին մասով՝ 5000 դրամի չափով: Այսօր մենք գնում ենք Հրազդանի քաղաքապետարան, մտնում ենք ընդունարան և ուզում ենք պարզել՝ ինչ է տեղի ունեցել: Մեր նկատմամբ շատ վատ են իրենց պահում, իսկ աշխատակազմի ղեկավարը, անգամ իրեն թույլ է տալիս մեզ անձնապես վիրավորել և այլն: Հետո գնում ենք այն բաժնի պետի մոտ, ով ստորագրել է, թե նիստը պետք է լինի 29-ին: Նա առհասարակ գործից տեղյակ չէ, այն դեպքում, երբ իր ստորագրությունն է դրված իր ազգանվան դիմաց: Այնուհետև մեզ հրավիրում են մեկ այլ սենյակ, ուր գալիս է իրենց մամլո խոսնակը և ասում է՝ պարզել ենք, որ քարտուղարուհին տպագրական սխալ է արել 22-ի փոխարեն գրելով 29, ինչն արդեն իսկ աբսուրդ է»,- մանրամասնեց նա: 

Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքապետարանն այդ հարցն ուզում է փակել՝ համոզելով, թե տույժ տուգանք չի լինի: «Ես իրենց բացատրեցի, որ այդպես չէ, անգամ եթե տեղի ունենար 29-ին նրանք առանց հիմունքների, առանց ապացույցների, առանց որևիցե բանի մարդուն տուգանք են նշանակել: Երևանում մեր քաղաքապետարանում ֆիքսված են կանոններ, թե ինչպես պետք է պահվեն ընտանի կենդանիները և այլն: Հին բան է, բայց գոյություն ունի և վերաբերում է միայն Երևան քաղաքին: Իրենք այս կանոնները կիրառել են նաև Հրազդան քաղաքում: Ես խնդրեցի ինձ ներկայացնել կանոներ Հրազդան քաղաքի մասով համաձայն որի տուգանել են քաղաքացուն: Ոչ մեկ ոչնչից տեղյակ չէ, ոչ մի հստակ բան չեն ասում և «ընկերական» նոտայով փորձում են փակել այս գործը, բայց իհարկե մենք չեն համաձայնվել, որովհետև այստեղ լուրջ օրենքներ են խախտվել: Եթե քաղաքապետարանը ստորագրությունով, կնիքով թուղթ է ուղարկել, ապա ուղղակի բանավոր «եկեք իրար հասկանանքով», քարտուղարուհու վրա մեղքը գցելով չի լուծվի: Եթե գոյություն ունի օրենք, ապա պետք է օրենքով շարժվենք և պետք է մեղավորներն իրենց պատիժը կրեն: Սա նաև քաղաքացու իրավունքների խախտում է:

Մենք գրել ենք դիմում՝ պահանջելով տրամադրել հիմքերը, թե ինչու են քաղաքացուն տուգանել: Մեզ պետք է պատասխանեն 15 աշխատանքային օրվա մեջ: Պահանջել ենք մեզ տրամադրել նաև բոլոր վկայությունների մասին թղթերը, որովհետև մենք գիտենք, որ բողոքողներից մեկը հաշվառված է հոգեբուժարանում: Մենք ցանկանում ենք, որ հարցն արդար լուծվի և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, բայց իրենք հակված չեն մեզ գրավոր պատասխանելու, որովհետև այդ դեպքում մի քանի հոգի ստիպված են լինելու աշխատանքից հեռացվել»,- եզրափակեց իր խոսքը «Դինգո» թիմի համակարգող Գոհար Մանուշակյանը:

Լուսանկարը՝ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից («Դինգո» թիմ)

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում