Նախկինում ձերբակալված պաշտոնյան հանցագործություն է թաքցնում
Այս տարվա հուլիսի 27-ին Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ահազանգելով Երևանի Նոր Նորք թաղամասում տեղի ունեցած ծառահատումների մասին: Այժմ, ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Արմեն Լաբլաջյանի ստորագրությամբ ստացված գրության մեջ ասվում է՝ « ...հատված ծառերի կոճղ չի հայտնաբերվել»:
Ի դեպ, ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Արմեն Լաբլաջյանը 2014թ.-ին իր աշխատասենյակում ձերբակալվել է քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով: Դեռ այն ժամանակ լուրեր էին տարածվել, որ Արմեն Լաբլաջյանը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վարորդ Սամվել Լաբլաջյանի եղբայրն է։ Արմեն Լաբլաջյանը եղել է ՀՀ բնապահպանության նախարարության տեսչության անտառների վերահսկողության պետը: Մինչ այս պաշտոնում նշանակվելը եղել է բնապահպանության նախարարության Լոռու մարզի տարածքային բաժնի պետը։
Ներկայացնենք Արայիկ Հարությունյանի գրառումը.
«Հանցագործության թաքցնելու փորձ
Հիշում եք, որ հուլիսի 27-ին մի հրապարակում էի արել, համաձայն որի Ռուբեն Հայրապետյանի հարազատներից մեկին պատկանող բենզալցակայանի հարևանությամբ հատվել են ծառեր, ընդ որում բենզալցակայանի տերը՝ ոմն Գագոն իմ ներկայությամբ հաստատեց, որ ինքն է հատել, հետո հասկացավ, որ սա հղի է լուրջ պատասխանատվությամբ, թաղապետարանի ներկա աշխատակիցներին մուննաթով ասաց՝ դուք չե՞ք կտրել ու այսպես շարունակ: Նամակով դիմել էի քաղաքապատերանին քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացնելու համար: Այսօր ձեռքիս տակ հայտնված գրությունից հասկացա, որ ոմանք վերացրել են կոճղերը, իսկ Բնապահպանության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներն էլ, բնականաբար, կոճղերը չեն հայտնաբերել:
Հիմա գործը գտնվում է Քննչական կոմիտեի Նոր Նորք և Ավան բաժնում: Ուզում եմ զգուշացնել սույն գործը պարտակելու փորձ չանել, որովհետև հետևանքները շատ լուրջ են լինելու: Վկաները շատ են, Հայրապետյանի հարազատներին չփորձեք փրկել: Մինչև վերջ հետևողական եմ լինելու»:

