Ամբողջ ճշմարտությունը Խոսրովի անտառի հրդեհի և հայտնաբերված հանքի մասին
«Սովետական միության շրջանում, մոտ 70-ական թթ. այդ տարածքում սնդիկ են փնտրել, բայց քանակությունն այնքան ցածր է եղել, որ մարդիկ այդ տարիներից հետո այնտեղ ոչ մի քար իրար չեն տվել»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանքի առկայության մասին խոսակցություններին:
Շահեն Խաչատրյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի օրերին գտնվում էր անտառում՝ երկրաբանական ուսումնասիրություններ անելու նպատակով: Որպես հրդեհի մարման աշխատակիցներին մասնակից, նա ասաց. «Լսել եմ, որ տարբեր մարդիկ լուրեր են շրջանառության մեջ դնում, թե այնտեղ իբր հանք կա, ինչի համար վառել են և այլն: Դրանք բոլորը սուտ տեղեկություններ են, ասեկոսեներ են: Լսել եմ նաև նախարարությունների անգործության մասին տեսակետներ: Դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս: Ես իմ ձեռքերով եմ կրակը մարել և ես տեսել եմ, թե ինչպես են երկու նախարարները բահերը ձեռքներին կրակը մարել: Մարդիկ իսկապես ներդրել են իրենց ամեն ինչը: Ես իմ աչքով եմ տեսել, թե մարդիկ ինչպես են աշխատում: Անտառապետն առաջին օրվանից մինչև վերջ այնտեղ է մնացել, քնել, տուն էլ չի գնացել: Այնպես չէ, որ իրենք իմ բարեկամները կամ ընկերներն են, ես պարզ ասում եմ այն, ինչ տեսել եմ»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հրդեհի տարածքում հանքի «գոյության» մասին լուրերին՝ ասելով. «Նախ, պաշարներն են շատ քիչ, ոչ ոք այնտեղ գումար չի ներդնի, ուսումնասիրություններ անի, հետո էլ՝ դա Խոսրովի անտառի եզրային հատվածում է՝ այնտեղ, որտեղ հրդեհ չի էլ եղել: Դա մի փոքր երևակում է. պաշարները չնչին, պարունակությունն էլ շատ ցածր: Ուղղակի ստուգել են և պարզվել է, որ այն անպետք բան է: Դրա վրա ավելի շատ ծախս կանեն, քան եկամուտ կստանան:
Այնտեղ, որտեղ այդ «հանքը» կա, նույնիսկ ծառ չկա: Բացարձակ լերկ տարածք է, այնտեղ նույնիսկ խոտ չկա: Այսինքն, այն տարբերակը, որ տարածքն այրվել է, որպեսզի մարդիկ հանք շահագործեն, ուղղակի անհեթեթություն է: Այսօր սնդիկը ոչ ոքի չի էլ հետաքրքրում: Եթե ոսկի լիներ, դեռ կհասկանայինք, բայց ոչ սնդիկ, այն էլ այդպիսի չնչին քանակությամբ: Ես որպես երկրաբան կարող եմ ասել, որ այն անգամ գիտականորեն իրենից ոչինչ չի ներկայացնում, որպեսզի ես գնամ այնտեղ ուսումնասիրություն անեմ: Սա է ամբողջ հարցը»: