Խոսրովի անտառում քարերի տակ անգամ մրջյուններ էին պահպանվել. ականատես

«Խոսրովի անտառում հրդեհի բռնկման հետ կապված մի քանի վարկածներ կան: Առաջին հերթին դա միանշանակ կլիմայական գործոնն է՝ անոմալ կլիմայական պայմանները: Ընդհանրապես փայտի վառվելու համար կրակ անհրաժեշտ չէ: Ընդամենն այն պետք է տաքացնել 300 աստիճան և փայտը կսկսվի վառվել: Արևի ճառագայթների տակ գրունտը կարող է տաքանալ մինչև 50-60 աստիճան և բավական է, որ այնտեղ ինչ-որ ապակու կտոր լինի, որպեսզի տեղի ունենա բռնկում: Ամեն դեպքում, նմանատիպ անոմալ կլիմայական պայմաններում բռնկումներ ամբողջ աշխարհում էլ լինում են, միշտ էլ կան»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանը, ով հրդեհի օրերին եղել է անտառի տարածքում և կատարել իր մասնագիտական պարտականությունները:

Վերջինս հրդեհի բռնկման մի քանի վարկած նշեց. «Վարկածներից հաջորդը բնականաբար մարդկային գործոնն է, որը իմ պրոֆիլից դուրս է: Երրորդ տարբերակը կապված է այնտեղ գտնվող սուլֆիդային միացությունների հետ: Կան նաև շատ թույլ հանքայնացված տարածքներ: Պիրիտի օքսիդացման ժամանակ անջատվում է ջերմություն, էներգիա և գրականության մեջ հայտնի են տվյալներ, որ այդ անջատվող ջերմությունը երբեմն հասնում է մինչև 300 աստիճան տաքության: Դա բավական է, որպեսզի դրա վրա գտնվող բուսածածկույթը բռնկվի: Այդպիսի տեղամասեր Խոսրովում իհարկե կան, մենք գտանք: Բայց այս վարկածն էլ չենք կարող ամբողջությամբ ընդունել կամ հերքել»: 

Ըստ նրա խոսքերի, կրակը բռնկվել է մոտ 2000 հա տարածքի վրա, որի մի մասն անտառածածկ չէ, այլ՝ խոտածածկ: Իսկ այրված մասում էլ կան կղզյակներ, որոնք ևս չեն վառվել: «Իմ նախնական գնահատմամբ, եթե գումարենք իրական վառված մասերը, ինձ թվում է կկազմի մոտ 300 հա տարածք: Չնայած ես կարող եմ նաև սխալվել»,- ասաց նա:

Ականատես Շահեն Խաչատրյանը պատմեց նաև կենդանական աշխարհի վիճակի մասին. «Մանագետների հետ շրջելու ժամանակ մենք ուշադրություն ենք դարձրել կենդանական աշխարհին և պարզվեց, որ ի ուրախություն մեզ այնտեղ՝ քարերի տակ կենդանական կյանքը դեռ մնացել էր: Այնտեղ քարերի տակ անգամ մրջյուններ էին պահպանվել, այրված խոտերի մեջ մողեսներ կային: Օձերի, կրծողների այրված մարմիններ մենք չենք տեսել, ինչը նշանակում է, որ նրանք հավանաբար փախել են, հասցրել են: Դե խոշոր կենդանիները հաստատ չկան: Վտանգը մեծ էր հատկապես փոքր կենդանիների համար՝ սողուններ, կրծողներ: Խոշորները շատ շուտ զգացել և փախել են: Պարզվեց նաև, որ փոքրերն էլ չեն վնասվել, դրանք իջել են 2-3 մետր ներքև, որտեղ պատսպարվել են»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում