Ինչու էր Խոսրովի անտառում հողն այրվում. «առեղծվածը» բացահայտված է
Դեռ օգոստոս ամսից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մեկուսացման և մարման աշխատանքներին մասնակցել են նաև երկրաբաններ: Նրանց մասնակցությունն այս պարագայում պատահական չէր, այլ պայմանավորված էր մի տարօրինակ երևույթով, որը նկատվում էր Խոսրովի անտառի տարածքում: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանը հրդեհի օրերին ևս Խոսրովում էր: Մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում նա ներկայացրեց տեղի ունեցած դեպքերի զարգացման հաջորդականությունը և թե ինչպես լուծվեց «Խոսրովի առեղծվածը»:
Դոցենտ Շահեն Խաչատրյանը պատմում է. «Կրակի շիջման հիմնական գործընթացից հետո հրշեջները ահազանգեցին, որ գետինը վառվում է: Նրանք կրակը հանգցնում են, բայց հողի միջից նորից տեղի է ունենում բռնկում: Դա ահազանգ եղավ երկրաբանների համար, որպեսզի մենք գնանք և հասկանանք, թե այդ երևույթն ինչի հետ է կապված: Իրականում Խոսրովի արգելոցի տարածքում կան այսպես կոչված այրվող թերթաքարեր: Հողի վառվելու հետ կապված առաջին կասկածը, որն իմ մեջ առաջացավ, կապված էր հենց այրվող թերթաքարերի հետ: Դրանք բնական ապարներ են, որոնք կարող են այրվել: Կարող են անջատվել ածխաջրեր և դրանք կարող են ինքնաբռնկվել: Առաջինը դա մտածեցի, թեպետ համոզված էի, որ այրվող տարածքում այդ ապարներից չկան: Բոլոր դեպքերում, ստուգելու համար ես գնացի «Խոսրովի անտառ» արգելոց և մանրամասն ուսումնասիրություններ արեցի: Վարչապետի օգնական, երկրաբան Կարապետ Վարդանյանի, ինչպես նաև նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին կատարեցինք երթուղիներ, ապարներից վերցրեցինք նմուշներ և հետո ուսումնասիրեցինք: Ի դեպ, Դավիթ Տոնոյանը ևս երկրաբան է և երկար տարիներ աշխատել է այդ տարածաշրջանում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ մտահոգությունը չկա: Այսինքն, մենք համոզվեցինք, որ թերթաքարերի հետ չէ կապված հողի այրումը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վառվող նյութը հարյուրավոր տարիների ընթացքում ծառերի տակ կուտակված տերևների, ճյուղերի մնացորդներն են, որը մոտ 20 սմ հաստություն ուներ: Այսինքն, այդ մնացորդներն արդեն վեր են ածվել հումուսի, որը բարենպաստ նյութ է հանդիսանում այրման համար: Պատկերացրե՛ք արդեն հասել էր մոտավորապես տորֆի կոնդիցիայի և դա էր բռնկվում: Այն բռնկվում էր ծխախոտի նման: Մի փոքր քամի էր լինում և սկզբից ծուխ էր բարձրանում, ապա՝ բռնկում: Դա էր հիմնական պատճառը:
Եվ հետաքրքիրն այն էր, որ կրակի բռնկումը տեղի էր ունենում երեկոյան ժամը 16-17:00 սահմաններում: Կրակն ամբողջությամբ մարվում էր, այդպես ամբողջ գիշեր հանգիստ էր լինում, սակայն հաջորդ օրը ժամը 17:00-ի սահմաններում օջախները սկսում էին գետնի տակից ակտիվանալ:
Դա կապված էր նաև արեգակի էներգիայի հետ: Ընդ որում, այդ բոլոր օջախներն առաջանում էին արևահայաց գոգավոր լանջերում, որտեղ անմիջապես արևի կիզիչ ճառագայթների ազդեցության ներքո այդ նյութը ստանում էր լրացուցիչ էներգիա և սկսում էր ինքնաբռնկվել:
Նշեմ, որ կոնկրետ ինձ հրավիրել էր պարոն նախարարը՝ Արծվիկ Մինասյանը: Մարդիկ այնտեղ տեսել էին, որ գետնի տակից ծուխ է դուրս գալիս, քարերի վրա ջուր են լցնում՝ պայթում է: Մենք այնտեղի հողի միջին ջերմաստիճանը չափեցինք արդեն 15-րդ օրը մոտ 150-200 աստիճան C էր, իսկ առաջին օրերին ջերմաստիճանը գրանցվել էր մոտ 700 աստիճան, որովհետև հողի մեջ հայտնաբերվել էր կավային նյութ, որը թրծվել էր: Իսկ կավը թրծվում է մոտ 700-800 աստիճան C-ի դեպքում: Այսինքն այնտեղ այդքան բարձր ջերմաստիճան է եղել»:
Շարունակությունը կարդացեք ավելի ուշ: