Ինչ մեթոդներով է հնարավոր մաքրել ՀՀ աղտոտված հողային շերտերը

«Մենք ՀՀ-ում ունենք տարբեր էլեմենտներով աղտոտում՝ պղնձով, մոլիբդենով, քրոմով, կապարով, երբեմն անգամ մկնդեղով և սնդիկով: Ուսումնասիրել ենք 9 տարբեր էլեմենտներ և հայտնաբերել ենք տարբեր համայնքներ, որտեղ արտադրված պտուղ բանջարեղենի աղտոտվածության, սննդային անվտանգության ռիսկերը գերբարձր են և պետք է հասկանանք, որ այստեղ ունենք շատ կարևոր խնդիր»,- այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: 

Անդրադառնալով այս իրավիճակից դուրս գալու, լուծում գտնելու եղանակներին, պարոն Պիպոյանն ասաց. «Եթե մենք խոսենք հողերի մաքրման մասին, ապա դրանք ահռելի ֆինանսական ներդրումներ են պահանջում: Պետք է մաքրվեն նաև պոչամբարներն իրենք հարակից տարածքներով: Ամբողջ աշխարհում, այս պարագայում օգնության է գալիս միջառարկայական մոտեցումը, որտեղ կուլտուրաների արտադրության համապատասխան քաղաքականություն է վարվում: Մենք կարող ենք պլան մշակել՝ որ տեսակի արտադրությամբ չի կարելի զբաղվել այդ զոնաներում, բայց բոլորն էլ հստակ հասկանում են՝ այսօր մենք կապիտալիստական աշխարհում ենք ապրում, սոցիալիզմ չէ: Ո՞ւմ գնաս ասես: Եթե մարդը կոնկրետ որոշել է, որ այդ բուսատեսակը չի աճացնելու, ոչ մի լծակ չկա ստիպելու: Դա կարող է լինել միայն բարի կամքի դրսևորում, իսկ հակառակ դեպքում անհրաժեշտ է պետական միջամտություն, իսկ մեր պատկան այրերը չեմ կարծում, որ մտահոգ են այս խնդրով»:

Դոկտոր Դավիթ Պիպոյանը նշեց, որ հողերի մաքրման տարբեր մեթոդներ կան:

«Դրանցից մեկն օրինակ, երբ տարբեր թթուներ են օգտագործում մաքրման ժամանակ: Այս մեթոդով աղտոտիչները մղվում են հողերի խորքային շերտեր և բույսը դրանք չի կարողանում կլանել: Մեթոդ կա, որով ցեոլիտ են խառնում հողին: Ցեոլիտը մետաղը կապում է և թույլ չի տալիս բույսին այն կլանել: Այսինքն, աղտոտիչը մնում է հողի մեջ, բայց քանի որ հողին ցեոլիտ է խառնվել, ապա բույսը չի կարողանում մետաղները կլանել: Կա նաև ֆիտոռեմեդացիոն մեթոդ: Օրինակ, կան բույսեր, որոնք ուժեղ կլանում են աղտոտիչները: Մեթոդի համաձայն մի քանի տարի աղտոտված տարածքներում ցանում են այդ բույսերը, սակայն դրանք օգտագործում են այլ նպատակով, օրինակ՝ տեխնիկական: Բայց ամբողջ աշխարհում դրա համար հատուկ ինստիտուտներ են աշխատում: Մարդիկ տնտեսական հաշվարկ են անում՝ որ զոնայում, ինչ է ձեռնտու և նման այլ հաշվարկներ, ինչից հետո էլ կայացնում են որոշում:

Ես նաև մեկ բան չեմ կարողանում հասկանալ, մենք ունենք պետական մարմին, որը իր փիլիսոփայությամբ Կառավարության խորհրդականն է. Գիտությունների ազգային ակադեմիան ինչ-որ փաստարկված, շատ լուրջ հայտարարություն է անում, սակայն այդ հայտարարությանը «բանի տեղ դնող» չկա: Ես հենց դա չեմ կարողանամ հասկանալ: Եթե դու ունես այդ կառույցը և փող ես տալիս բյուջեից, դու ուրեմն պարտավոր ես լսել այդ մարդկանց»,- եզրափակեց նա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում