Որ մթերքներն են ամենաշատ աղտոտիչներ կլանողները. պարզաբանում է փորձագետը

«Մենք առաջինը հանրապետությունում փորձ արեցինք անցկացնել սննդագիտական ուսումնասիրություններ»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

«Մեր գործընկերները նախկինում ուսումնասիրել էին թե տարբեր բույսերն ինչպես են կլանում աղտոտիչները և պատրաստել էին աղտոտման շարքեր՝ որ բույսն է ավելի շատ կլանում: Պարզվել էր, որ կանաչեղենն ամենաշատ աղտոտիչներ կլանող բույսերից մեկն է, բայց մեր սննդագիտական հետազոտություններով կանաչեղենը չհանդիսացավ ամենաբարձր ռիսկայինը, քանի որ մարդը ամեն օր 200-300 գրամ չի կարող օգտագործել այդ մթերքից: Մենք 2 տարի շարունակ իրականացրեցինք կարճաժամկետ և երկարաժամկետ ռիսկերի գնահատում և հասկացանք, որ մարդու վրա մեծ նշանակություն ունի թե ինչ քանակներով և ինչ հաճախականությամբ է օգտագործում սնունդը: Այդ առումով կոնկրետ Սյունիքում արտադրված կարտոֆիլը, լոբին, գազարը դրանք բարձր ռիսկային մթերքներ են, որովհետև մենք դրանք օգտագործում ենք մեծ չափաքանակներով: Այս շրջանում արտադրված լոբին շատ հայտնի է: Օրինակ՝ ամառվա ամիսներին շաբաթական 2-3 անգամ 300-350 գրամ չափաբաժնով լոբի են օգտագործում: Այսինքն շաբաթական մեկ կգ լոբու սպառում ունեն և այդ աղտոտվածության պարագայում պատկերացրեք ինչքան բարձր է ազդեցությունն այս մթերքների»,- մանրամասնեց նա:

Խոսելով պետական պատասխանատու մարմինների արձագանքի մասին պարոն Պիպոյանը նշեց. «Ինչն է շատ ցավալի ինձ համար՝ մենք այս խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել ենք, այդ թվում՝ Կառավարության նոր անդամների հետ տարբեր գերատեսչություններում, բայց որևէ առարկայական հետադարձ կապ ես ինքս անձամբ ոչ Առողջապահության նախարարությունից, ոչ Գյուղատնտեսության, ոչ էլ Բնապահպանության չեմ տեսել: Ես ինքս դեռ մեր պետական մարմինների կողմից փոփոխությունների ինչ-որ ցանկություն չեմ նկատում»:

Դավիթ Պիպոյանը նաև խոսեց աղտոտման որոշ առանձնահատկությունների մասին, թե օրինակ որ բուսատեսակները կարելի է ցանել, որպեսզի աղտոտիչներ չկլանի: «Օրինակ՝ սոխը, սխտորը: Սխտորը չի կլանում այդ աղտոտիչները: Անգամ ունեցել ենք օբյեկտներ, որոնք վերցված են եղել Վարաբաթումի նախկին պոչամբարի տարածքից, ստուգել ենք և աղտոտում չկար: Ի դեպ, սխտորը շատ հետաքրքիր է նաև մեր ավանդական՝ Մխիթար Հերացու բժկության մեջ, նա սխտորն օգտագործել է մետաղներով թունավորման դեպքում օրգանիզմը մաքրելու նպատակով:

Մեր հետազոտության արդյունքով մենք եզրահանգել ենք, որ սոխի միայն գլուխը չի կլանում աղտոտիչներ, իսկ կանաչ սոխն ամենաշատ աղտոտված մթերքներից մեկն է: Այսինքն՝ արմատապալարապտուղ սոխն է, որը չի կլանում այլ ոչ թե տերևային բույսը: Ունեցանք դեպքեր, երբ մրգերն ավելի քիչ քանակությամբ են պարունակում աղտոտիչներ: Մասնավորապես այդ շրջանում կա սալորի արտադրություն, մասուրի արտադրություն, բայց պետք է շեշտեմ ևս մի քանի բացասական երևույթներ, որոնց հանդիպել ենք: Օրինակ Արծվանիկի պոչամբարի հարևանությամբ, հենց պոչամբարի կողքին աճում է մոշ և այստեղ աղքատության մակարդակի կրճատման նպատակով միջազգային կազմակերպություններից մեկը տեղացի կանանց դույլեր է բաժանել, որ հավաքչությամբ զբաղվեն և հետո շուկայում իրացնեն: Դե բնականաբար մոշը ձեռք են բերում նաև տեղի բնակչությունը և կոնսերվացնում այն: Մենք անալիզի ենթարկեցինք նաև կոմպոտները, որոնց մեջ ևս հայտնաբերեցինք տարբեր ծանր մետաղների քանակություն: Փաստացի այն սեզոնին, երբ այդ ապրանքը չկա և օրգանիզմն աղտոտված մթերքներ չպետք է մուտք գործի, մարդիկ օգտագործում են կոմպոտներ: Մեզ մոտ էլ ընդունված է, որ 3լ-անոց կոմպոտը 5-6 հոգանոց ընտանիքը մեկ օրում սպառում է: Պատկերացրեք ինչպիսի ահռելի մեծ քանակությամբ աղտոտված սննդամթերք է մարդն ընդունում»,- ասաց նա: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում