Հանքարդյունաբերության չնչին օգուտների ու հսկայական վնասների թվատախտակ
2017թ.-ին Սալվադորն առաջինն աշխարհում ընդունեց օրենք, որով արգելվում է երկրում մետաղական հանքերի շահագործումը, քանի որ այս գործընթացը լրջագույն վնաս է հասցնում ջրային ռեսուրսներին և շրջական միջավայրին:
Հայկական Զարգացման Գործակալության տվյալների համաձայն, Հայաստանն ունի բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր, որից 22-ը շահագործվում է, ինչպես նաև համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր: Այդ հանքավայրերից մոտավորապես 400 հանք, այդ թվում 22 բազային մետաղների և թանկարժեք մետաղների հանքեր ներկայումս շահագործվում են:
Բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ հատկապես մետաղական հանքերի շահագործումը ՀՀ-ում մեծ վտանգ է ներկայացնում թե՛ բնապահպանական տեսանկյունից, թե՛ առողջապահական:
Այնուամենայնիվ իրականացնենք իրավիճակի թվային վերլուծություն: Հասկանալու համար, թե որքան ֆինանսական մուտքեր է ստանում ՀՀ-ը հանքարդյունաբերության ոլորտից, դիտարկենք այս հատվածի մասնաբաժինը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում և համեմատենք արդյունքը մշակվող արդյունաբերության տվյալների հետ:
Ինչպես տեսնում ենք, «հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» սեկտորը ՀՆԱ-ում ունի ոչ նշանակալի դերակատարում: Այն անգամ բազմակի փոքր է «վերամշակվող արդյունաբերություն» սեկտորից, որը ՀՆԱ արտադրության մեջ քիչ թե շատ նշանակալի տեղ է զբաղեցնում: 2013-2016թթ. ընթացքում «հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» սեկտորը կայուն աճ է դրսևորում:
Չնայած ստացված արդյունքին, հայտնի է, որ «հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» սեկտորը մեծ վնաս է հասցնում ՀՀ բնաշխարհին, ինչպես նաև պարունակում է մեծագույն ռիսկեր առողջապահական տեսանկյունից: Այս վնասների մեծ մասն արդեն ենթական չէ փոխհատուցման կամ դրա համար անհրաժեշտ են այնպիսի հսկայական ֆինանսական և այլ ներդրումներ, որոնք բազմակի անգամ շատ կլինեն հանքերի շահագործման տարիներին պետության ստացած օգուտներից:
Նշենք նաև, որ ՀՀ-ում ամենախոշոր բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող կազմակերպությունները հենց հանքագործական արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններն են, ինչն էլ վկայում է՝ Հայաստանի բնությանը մեծագույն վնաս հացնելու մասին:
Այս թեմայի առնչությամբ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ մի նոր մետաղական հանքավայր Հայաստանում չպետք է շահագործվի, որովհետև Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրում այդպիսի լուրջ ջրաբանական, էկոլոգիական, խիստ կառուցվածք ունեցող տարածքում չի կարելի այդ ծավալների հանքաարդյունահանում կատարել: Հներն էլ պետք է այնպիսի լուրջ փոփոխությունների ենթարկվեն, որ նվազագույնի հասցվի վնասը: Որոշակի տարիներ հետո ընդհանրապես պետք է դա էլ վերջացնել ու անցնել Հայաստանի բնաաշխարհագրական վիճակին համապատասխան տնտեսական ճյուղերի զարգացմանը: Պետք է կամաց-կամաց հրաժարվել հանքաարդյունաբերությունից: Նախ և առաջ այդ հնարավորությունը չպետք է 100 տոկոսով տրված լինի մասնավոր ընկերություններին, որ ընդերքը թալանեն ու տանեն, այլ պետք է իրականում պատկանի ժողովրդին ու ամբողջ շահույթը պետք է մնա Հայաստանում: Պետք չէ նաև հավատալ հեքիաթին, թե պետությունը փող չունի, որ շահագործի այդ հանքավայրերը: Մասնավորը կարո՞ղ է շահագործել ու պետությանն էլ հարկ վճարել, իսկ պետությունն ինքը չի կարող շահագործել: Մեր երկիրն այդքան տարածք չունի, որ 30 տոկոսն էլ զոհաբերի հանքաարդյունաբերությանը, որպեսզի գոյատևի: Մենք ոչ Կանադա ենք, որ Ամերիկա ենք, ոչ Ռուսաստան ենք, ոչ Ավստրալիա ենք, որոնք ունեն միլիոնավոր ՀԱ և կարող են մի մասը զոհաբերել: Մեր տարածքն այնքան փոքր է, որ այսօր շահագործվող հանքավայրերն արդեն շատ են այդ տարածքի համար»:
Նշենք, որ 2014թ.-ին ՀՀ Կառավարությունը Լիդիան ինթերնեյշնլ ընկերությանը տրամադրեց ամբողջական թույլտվություն Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման համար: Բազմաթիվ կառույցներ պնդում են՝ այս նախագիծը բնապահապանական հիմնավոր գնահատում չի անցել:
Նյութը պատրաստվել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: