Հայաստանի հողերը աղտոտված են պղնձով, մոլիբդենով, քրոմով, կապարով, անգամ մկնդեղով և սնդիկով. Դավիթ Պիպոյան
Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է , ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը, ում հետ խոսեցինք ՀՀ-ում սննդի անվտանգության հիմնական խնդիրներից մեկի՝ հանքարդյունաբերության ազդեցությունը մարդկանց կողմից օգտագործվող սննդամթերքի վրա։
- Անկախ այն հանգամանքից, որ սննդամթերքի անվտանգությունը մեր հանրապետությունում բարձր մակարդակի վրա չէ և ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք հենց սննդի վերամշակման փուլով են պայմանավորված, բայց ես ինքս որպես ոլորտային մասնագետ, հետազոտող, որը երկար տարիներ զբաղվում է ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրներով, պետք է ասեմ, որ ամենախնդրահարույցը հենց լեռնահանքային ներազդեցությունն է սննդամթերքի անվտանգության վրա, որովհետև սննդամթերքի վերամշակման փուլում մենք գործ ունենք կանոնները չպահպանելու հետ, որի շտկումը շատ քիչ ֆինանսական և կարճ ժամանակամիջոց են պահանջում, ապա լեռնահանքային շրջանների սննդամթերքի անվտանգության հիմնահարցերը կարծում եմ մեր հանրապետության ամենացավոտ, ամենախնդրահարույց և լուծումների ու ֆինանսական ռեսուրսների առումով ամենածանրն են: Շատ վատատեսական տոն պետք է օգտագործեմ՝ ես ինքս որևէ դրականի հույս չունեմ, որ այդ աղտոտված զոնաներում այդքան մեծ ներդրումներ կանեն:
Առկա են արդյո՞ք ուսումնասիրություններ, որոնք վկայում են ՀՀ-ում լեռնահանքային արդյունաբերության ազդեցության մասին սննդամթերքի վրա։
- Ուզում եմ մի քանի խնդիրներ բարձրաձայնել: Մեր կենտրոնը՝ էլոկոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնն ավանդականորեն զբաղվել է շրջակա միջավայրի և երկաքիմիական առանձնահատկությունների ուսումնասիրմամբ, իսկ 2012թ.-ից վարչապետի որոշմամբ կենտրոնում ձևավորվեց սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը, որտեղ արդեն ուսումնասիրվում է լեռնահանքային արդյունաբերության ազդեցությունը սննդային շղթաների վրա: Մեր խմբերը եղել են տարբեր զոնաներում, այդ թվում՝ Սյունիքում, Լոռիում և այլն: Ինչն է շատ հետաքրքիր. դա մի համայնապատկեր է՝ տարբեր հողակտորներ տարբեր էլեմենտներով են աղտոտված և պահանջվում է խիստ գիտամեթոդական մոտեցումներ, որպեսզի առանձնահատկությունները հասկանանք: Երկար տարիներ այստեղ չի եղել վերահսկողություն: Ուսումնասիրել ենք նաև պոչամբարներ, ոչ միայն Արծվանիկի պոչամբարը, այլև լքված պոչամբարներ: Բացի դրանից հաճախ հենց այդ պոչամբարների ջրերը շպրտվել են մակերեսային հողեր: Այդ տարածքներում առկա է մակրերեսային հողերի աղտոտում, տարբեր էլեմենտների միգրացիա, ինչը, որ սննդի անվտանգության և սննդի շղթայի անվտանգության առումով գերբացասական պատկեր ունի: Մենք այս տարածքներում ունենք տարբեր էլեմենտներով աղտոտում՝ պղնձով, մոլիբդենով, քրոմով, կապարով, երբեմն անգամ մկնդեղով և սնդիկով: Ուսումնասիրել ենք 9 տարբեր էլեմենտներ և հայտնաբերել ենք տարբեր համայնքներ, որտեղ արտադրված պտուղ բանջարեղենի աղտոտվածության, սննդային անվտանգության ռիսկերը գերբարձր են և պետք է հասկանանք, որ այստեղ ունենք շատ կարևոր խնդիր:
Տարբերվում է արդյո՞ք իրավիճակը մարզերում և մայրաքաղաք Երևանում։
- Երևան քաղաքում մարդիկ օգտվում են շուկաներից։ Անգամ եթե մենք ինչ-որ մետաղական աղտոտման հետ գործ ունենք, ապա հավանականությունը, որ դուք անընդհատ այդ նույն մթերքից կգնեք շատ ցածր է: Այստեղ մենք գործ ունենք ազգաբնակչության հետ, որը պերմանենտ կամ հաճախակի կամ սովորութային կերպով տարբեր ժամանակահատվածներում օգտագործում է աղտոտված մթերքներ: Որովհետև եթե հողը աղտոտված է, բնական է, որ և լոլիկն է աղտոտված, և կարտոֆիլը, և սմբուկը, անկախ նրանից թե որ շրջանում է հասունանում: Այսինքն սկզբում լոլիկը կհասունանա, լոլիկը կուտեն, հետո պղպեղը և այլն: Այսինքն, քաղաքացիներն անընդհատ մետաղների ազդեցության տակ են: Դա կոչվում է էքսպոզիցիա:
Որպես փորձագետ կարող եք նշել ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից:
- Որպես ոլորտային մասնագետ պետք է շեշտեմ նաև մի շատ բացասական հետևանք: Միշտ մեզ հարցնում են՝ լուծումը: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ապրում ենք ՀՀ-ում, հասկանում ենք նաև թե ինչպիսի տնտեսական իրավիճակ է և այն լուծումները, որոնք առաջակվում են արդյո՞ք մենք ունենք այդ ռեսուրսները: Այս դեպքում, եթե մենք խոսենք հողերի մաքրման մասին, ապա դրանք ահռելի ֆինանսական ներդրումներ են պահանջում: Պետք է մաքրվեն նաև պոչամբարներն իրենք հարակից տարածքներով: Ամբողջ աշխարհում, այս պարագայում օգնության է գալիս միջառարկայական մոտեցումը, որտեղ կուլտուրաների արտադրության համապատասխան քաղաքականություն է վարվում: Մենք կարող ենք պլան մշակել՝ որ տեսակի արտադրությամբ չի կարելի զբաղվել այդ զոնաներում, բայց բոլորն էլ հստակ հասկանում են այսօր մենք կապիտալիստական աշխարհում ենք ապրում, սոցիալիզմ չի: Ո՞ւմ գնաս ասես: Եթե մարդը կոնկրետ որոշել է, որ այդ բուսատեսակը չի աճացնելու, ոչ մի լծակ չկա ստիպելու: Դա կարող է լինել միայն բարի կամքի դրսևորում, իսկ հակառակ դեպքում անհրաժեշտ է պետական միջամտություն, իսկ մեր պատկան այրերը չեմ կարծում, որ մտահոգ են այս խնդրով: