Օգոստոսի 2-ից մարդկությունը կսկսի ոչնչացնել Երկիրը
Global Footprint Network-ի գիտնականները, չափելով մոլորակի վերականգնվող ռեսուրսները, նշել են տարվա այն օրը, որից սկսած Երկիր մոլորակն այլևս ի վիճակի չի լինի վերականգնել մարդու կողմից սպառվող ռեսուրսները, և մարդիկ կսկսեն ոչնչացնել իրենց շրջակա միջավայրը։ Այս մասին փոխանցում է DW-ն։
2017թ․ այդ օրը կլինի օգոստոսի 2-ը։ Այսպիսով, այս տարի մարդիկ կսպառեն Երկրի1 տարվա վերականգնվող ռեսուրսները 6 օր ավելի շուտ, քան 2016թ․։ Բացասական միտումն ավելի ակնհայտ է դառնում 20-րդ դարի 80-ական թթ․ համեմատությամբ։ Եթե 1987թ․ <<վերականգնման սահմանը>> դեկտեմբերի 19-ին էր, ապա հետագայում այն հետզհետե տեղափոխվել է տարվա վերջից տարվա կեսին։
Հենց այդ պատճառով էլ օգոստոսի 2-ին Գերմանիայում մի շարք բնապահպանական կազմակերպություններ ակցիաներ են անցկացրել Բեռլինի բրանդենբուրգյան դարպասների մոտ։ Ակցիայի նպատակն է հիշեցնել, որ մարդկությունը սպառում է ավելի շատ փայտ, բուսականություն, սնունդ, ձկնամթերք և այլն, քան ջրամբարները, անտառները և դաշտերը կարող են ստեղծել և վերականգնվել ինքնուրույն։
<<Երկիր մոլորակն ինտերնետ-խանութ չէ՝ անսպառ ծավալի ապրանքներով։ Երկիր կոչվող սուպերմարկետը դատարկվել է,- նշում է երիտասարդ բնապահպանների միության անդամներից մեկը՝ Քրիստոֆ Ռյոթգերսը,-Այն, ինչ մենք կսպառենք այս տարի օգոստոսի 2-ից հետո, կգողացվի հաջորդ սերունդներից։ Քաղաքական գործիչների խնդիրն է թույլ չտալ դա>>։
Բնակչության աճին զուգահեռ աճում է նաև ածխաջրերի, սննդի, ջրի սպառումը։ Ինչպես մաթեմատիկոսներն են հաշվարկել, ներկային բնակչության պահանջները բավարարելու համար պահանջվում է ևս 1,7 Երկիր մոլորակ։
<<Եթե մենք չդադարեցնենք այս ամենը, պա 2030թ․-ին անհրաժեշտ կլինի արդեն երկու մոլորակ, իսկ 2050թ․-ին՝3>>,- ահազանգում է Greenpeace-ի գերմանական ստորաբաժանման ներկայացուցիչ Յուրգեն Կիրշը։
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիր մոլորակի բնակչության 80%-ը բնակվում է անբարենպաստ էկոլոգիական պայմաններում։