Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրենքն ընդունվել է մի շարք օրենքների խախտմամբ. իրավաբան Նազելի Վարդանյան
Այս օրենքն ընդունվեց մի շարք օրենքների խախտմամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը։
«Սևանա լճի մասին օրենքում ամրագրված են այն սկզբունքները, որով պետք է պաշտպանվի Սևանը: Դա 11-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներն են. առաջինը, որ անընդհատ պետք է ծրագրեր իրականացնեն, որպեսզի բարձրացվի Սևանի մակարդակը: Երկրորդը, որ Սևանի հաշվեկշիռը պետք է բացասական չլինի: Երրորդը, որ պետք է գերակայությունը տրվի կենսաբազմազանությանը, իսկ այս օրենքի մեջ Սևանի և կենսաբազմազանության մասին ընդհանրապես ոչինչ չկա: Ամենակարևոր սկզբունքը այն է, որ բոլոր ծրագրեր Սևանի հետ իրականացվող՝ կլինի կարճաժամկետ, միջնաժամկետ թե երկարաժամկետ, պետք է անցնեն փորձաքննություն՝ և՛ պետական բնապահպանական փորձաքննություն, և՛ Սևանի հանձնաժողովի փորձագիտական եզրակացություն ստանան»,- մանրամասնեց նա:
Ինչպես պնդում է տիկին Վարդանյանը, բավական մանրամասն հետազոտություններ պետք է արվեին ու տային մասնագիտական կարծիք, այն պետք է անցներ նաև շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն, այն էլ՝ ռազմավարական գնահատում:
«Այսինքն խախտվել է և՛ Սևանա լճի մասին օրենքը, և՛ Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի դրույթը, որտեղ նշված է, որ այդ ծրագրերը պետք է անցնեն ռազմավարական փորձաքննություն»,- նշեց նա:
Նազելի Վարդանյանը նաև անդրադարձավ բնապահպաններ-գյուղացիներ հարաբերություններին:
«Օրենքի նախագծում որևէ խոսք չկա գյուղացու մասին, սա մանիպուլյացիա է, որպեսզի ցույց տան, որ բնապահպանները դեմ են գյուղացիներին, իսկ իրենք այդքան մտահոգ են: Այդ ջուրը գյուղացուն չի հասնելու: Անվճար ջուրը վերցնում են ու թանկ գներով վաճառում են գյուղացուն: Ո՞վ է հարցրել, որքան ջուր է պետք գյուղացուն, ինչ բուսատեսակներ է տնկված այնտեղ և քանի անգամ պետք է գյուղացին ջրի: Որևէ ուսումնասիրություն չկա»,- եզրափակեց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը: