Որքան վնաս է հասցնում Հայաստանի բնությանը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ»-ը

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող խոշոր ընկերությունների շարքում է: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի կողմից մեզ տրամադրած տվյալների վերլուծության, 2012թ.-ից մինչ 2016թ.-ը «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կողմից բնությանը հասցվող վնասի ծավալները ավելացել են համապատասխան վճարվող բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալի:

2017թ.-ի ապրիլ ամսին հաղորդվեց «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի լուծարվելու մասին, սակայն գրեթե միևնույն ժամանակ ասպարեզ մտավ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, որն ըստ էության «ժառանգել է» «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի բիզնեսները: Ըստ «Էլեկտրոնային Հայաստան» կայքի տվյալների «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մեջ է մտնում Պրոսպեկտ սրճարանը, Լատինո սուրճի վերամշակման ձեռնարկությունը, Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը, Պրոսպեկտ Մոլը, Մադագասկար խաղահրապարակը, Կայզեռ սուպերմարկետների ցանցը, «Մոյա Սեմյա» արտադրական ձեռնարկությունը: Նշենք, որ սա միայն պաշտոնապես գրանցված ձեռնարկությունների ցանկն է:

Այս ձեռնարկությունների աշխատանքը միասին ՀՀ բնությանը հասցնում են խոշոր վնաս: Ներկայացնենք 2012-2016թթ. ընթացքում «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կողմից վճարված բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները:

Գրաֆիկ 1-ում ներկայացված է ՀՀ բնապահպանության կողմից ներկայացված «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կողմից 2012-2016թթ. բնությանը հասցվող վնասի չափը տոննաներով: Պիկը գրանցվել է 2014թ.-ին. «Ջրհեռացում, աղտոտիչների քանակը» կազմել է մոտ 1540 տոննա, իսկ «Արտադրական և սպառման թափոնների քանակը»՝ 475 տոննա: 2016թ.-ին «Ալեքս Գրիգ» ՍՊԸ գործունեության ընթացքում «Մթնոլորտային օդ արտանետված վնասակար նյութերը» կազմել են առավելագույնը՝ մոտ 101 տոննա:

Գրաֆիկ 2-ում ներկայացված է ընկերության կողմից «Ջրօգտագործման ծավալ»-ի (մ3) վիճակագրությունը: Ընկերությունը վճարում է միայն այս տեսակի բնօգտագործման վճար: 2012թ-ին ընկերություն չի վճարել տվյալ տեսակի վճար, բայց 2013թ.-ին գրանցվել է ջրօգտագործման ծավալների առավելագույն ցուցանիշը: «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն 2013թ-ին օգտագործել է մոտ 64 մլն մ3 ջուր:

Այժմ դիտարկենք հասցված վնասի դիմաց վճարվող օրենքով սահմանված վճարների ծավալները: «Ալեքս Գրիգ» ՍՊԸ կողմից վճարվում է 3 տեսակի բնապահպանական վճար (Մթնոլորտային օդ արտանետված վնասակար նյութեր (հզ. դր.), Ջրհեռացում, ազտոտիչների քանակը (հզ. դր.), Արտադրական և սպառման թափոնների քանակը (հզ. դր.)) և մեկ տեսակի բնօգտագործման վճար (Ջրօգտագործման ծավալը (հզ. դր.)): Համապատասխան վերոնշյալ տվյալների, ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի մեջ մեծ մասնաբաժին ունի «Ջրհեռացման, աղտոտիչների քանակի» դիմաց վճարվող հարկը: 2014թ.-ին գրանցվել է ամենամեծ ցուցանիշը:

Չնայած Գր. 2-ում ցուցադրվում է, որ ընկերության «Ջրօգտագործման ծավալը» առավելագույն է եղել 2013թ.-ին, այնուամենայնիվ դրա դիմաց վճարվող հարկի առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2014թ.-ին:

Համեմատության համար նշենք նաև, որ ըստ նույն աղբյուրի տվյալների ՀՀ ամենախոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից 2013թ.-ին օգտագործվել է մոտ 183 հզ. մ3 ջուր:

ՊԵԿ կողմից հրապարակված 2017թ.-ի առաջին քառորդում խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 82-րդ դիրքը, մինչդեռ 2016թ.-ի չորրորդ քառորդում եղել է 5-րդը: Միևնույն ժամանակ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն 2017թ.-ի առաջին քառորդում եղել է 4-րդը, մինչդեռ 2016թ-ի չորրորդ քառորդում 108-րդն էր: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում