Ձեր ունեցած բնական ռեսուրսները պարզապես ֆանտաստիկ են. Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն

Հայաստանը կունենա կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն, որը կստեղծվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ։ Ծրագրի կենսունակությունը և անհրաժեշտ ռեսուրսների ծավալները գնահատելու նպատակով Նիդերլանդներից Հայաստան է եկել Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանի գլխավորած մասնագիտական խումբը:

«Կենտրոնի գլխավոր նպատակը կլինի կրկին միավորել մարդկանց ու բնությունը, քանի որ մենք գնալով ավելի ենք հեռանում բնությունից: Քաղաքները դառնում են ավելի մեծ: Սա ոչ միայն այստեղի խնդիրն է, ամենուր է այդպես, անգամ այն երկրում, որտեղ ապրում եմ՝ Նիդերլանդներում։ Այստեղ անարատ բնություն ունեք, որը, բարեբախտաբար, դեռ վնասված չէ։ Սա հարստություն է, ճիշտ է, տնտեսապես երկիրն այդքան էլ հարուստ չէ այս պահին, սակայն բնությունն ու ձեր ունեցած բնական ռեսուրսները պարզապես ֆանտաստիկ են: Երբեմն մենք փորձում ենք հասնել Լուսնին, սակայն մոռանում ենք այն, ինչ ունենք»,- Yelaket.am-ի հետ զրույցում ասաց նա։

Մենք խնդրեցինք նրան ավելի մանրամասն պատմել ծրագրի մասին, ինչին ի պատասխան պարոն Բալյանն ասաց. «Եթե ունես մտահաղացում, պետք է այն կյանքի կոչես, իրականացնես, բայց պետք է «թարգմանել» իրավիճակն ու վայրը։ Պետք է հասկանալի լինես բոլորի համար՝ մեծերի ու փոքրերի, հայերի ու արտասահմանցիների. ահա այսպիսի «թարգմանություն» է պետք անել։ Այժմ մենք այդ ամենի քննարկման ընթացքի մեջ ենք։ Ես չեմ կարող ասել՝ ինչ ենք պատրաստվում անել, որովհետև նախ ես չեմ որոշողը, որոշողը FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, երկրորդն էլ՝ մենք դեռ քննարկումների մեջ ենք, և, կարծում եմ, պետք է բացել բոլոր փակագծերն այն ժամանակ, երբ նախագիծն ամբողջովին պատրաստ լինի։ Մենք արդեն սկսել ենք աշխատել, ես այստեղ եմ եկել 4 մարդկանց հետ՝ ճարտարապետների»։

Հայկ Բալյանն անդրադարձավ նաև Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև տարբեր երկրներում կենդանիների նկատմամբ հասարակության վերաբերմունքի առանձնակատկություններին. «Ես ներգրավված էի Երևանի կենդանաբանական այգու վերափոխման գործընթացներում, օգնում էի Ռուբեն Խաչատրյանին այդ հին այգին ժամանակակից դարձնելու գործում։ Կարծում եմ՝ այս այգին շատ կարևոր է, որովհետև այն մարդկանց թույլ է տալիս շփվելու կենդանի արարածների հետ: Գիտե՞ք, այդ շփումը չեք ստանում կենդանու հետ: Մարդիկ քաղաքներում այլևս չեն գիտակցում՝ թե ինչ են կենդանիները, նրանք վախենում են կենդանիներից, բայց կենդանիները շատ մոտ են մեզ։ Այգին պարզապես անհրաժեշտ է ունենալ: Դուք կարող եք տեսնել կենդանիներին հեռուստատեսությամբ, սակայն դա նույնը չէ։ Նրանք իրական են, իրական է հոտը, նրանց շարժումները։ Կարծում եմ՝ այժմ կարևոր անցումային շրջան է այստեղ, և այն կարող է տարիներ տևել, սակայն շատ բան է փոխվել, այժմ կենդանիների վիճակը շատ ավելի լավ է, հին վանդակները ոչնչացվում են: Եթե նայեք վագրերին, նրանք առաջ շատ փոքր վանդակներում էին, առյուծների համար էլ մեծ տարածք է նախատեսվում: Կարևոր բարելավումներ են։ Այգու դիրքն էլ պարզապես ֆանտաստիկ է։ Մեկ բան էլ պետք է հաշվի առնել Երևանում, այստեղ քիչ տարածքներ կան, որտեղ կարելի է գնալ ընտանիքի հետ։ Այն նաև զբոսայգու պես է, կարող եք գալ ընտանիքի հետ և ապահով կլինեք։ Այնպես որ կենդանաբանական այգու մի մասը նաև մարդկանց միջև սոցիալական կապի միջոց է։ Ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում այն ջանքերի շնորհիվ, որ գործադրել ենք, որովհետև կենդանիների բարեկեցության ստանդարտներն օրըստօրե բարձրանում են, բայց մենք չենք կարող մեկ օրում փոխել ամեն ինչ: Սա շարունակական գործընթաց է:

Այստեղի կենդանաբանական այգու ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դուք ունեք այդքան շատ կենդանատեսակներ՝ թռչուններ, սողուններ, արջեր, գայլեր և այլն։

Մենք նաև աջակցում ենք Կովկասյան ընձառյուծի նախագծին, որն արդեն սկսվել է: Մենք հովանավորում ենք այն, որովհետև գիտակցում ենք, որ դա կարևոր է։ Մենք չենք կարող տեղափոխել Կովկասյան ընձառյուծին Նիդերլանդներ, որովհետև այնտեղ այստեղի պես վայրի բնությունը չկա։ Այն պահպանելը ոչ միայն Հայաստանի համար է կարևոր, այլև բոլորի»:

Հայկ Բալյանի կարծիքով Հայաստանում մարդիկ պարզապես չեն գնահատում այն, ինչ ունեն. «Նիդերլանդներում մենք, չունենք շատ բան, ստիպված ենք վերակառուցել, վերստեղծել, ստիպված ենք տարածքներ ստեղծել, պայքարել այդ տարածքների համար: Մեզ համար դա մի բան է, որն այևս չենք կարող հետ բերել, այստեղ դուք դեռ ունեք այդ ամենը, դրա համար էլ այդքան կարևորություն չեք տալիս: Այս գործւմ մեծ դեր է խաղում կրթությունը, ինչպես նաև այն, որ պետությունն ընդամենը 25-26 տարեկան է: Ամեն դեպքում փոփոխությունները գալիս են թե՛ համացանցով, թե՛ միջազգային նախագծերով: Կարծում եմ սա է տարբերությունը, բայց տեսնում եմ նաև, որ այստեղ ավելի և ավելի շատ մարդիկ են ներգրավվում բնապահպանության մեջ: Կարծում եմ՝ դպրոցական համակարգը շատ կարևոր գործոն է այս հարցում։ Ես ծանոթ չեմ այստեղի դպրոցական համակարգին, սակայն կարծում եմ, որ կենսաբանությունն ու սեփական երկրի բնության ուսումնասիրությունը պետք է լինեն կրթության մի մասը։ Այն ձեր ինքնության մի մասն էլ է։ Եթե չանեք դա, դուք կանտեսեք ձեր իսկ ինքնությունը, այն վայրը երկրագնդի վրա, որում ապրում եք, և դա ցավալի է»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում