Շաքիի ջրվեժը չի պահպանվում Բնապահպանության նախարարության անգործության հետևանքով
Շաքի ջրվեժի մասին գիտեն շատերը: Ավանդության համաձայն, օտար զավթիչներից մեկը, տեսնելով հայուհի Շաքեի գեղեցկությունը, հրամայում է նրան բերել իր մոտ: Շաքեն չի ենթարկվում զավթիչի հրամանին և իրեն գցում է բարձր ժայռից, այդ ժամանակ գեղեցկուհու զգեստը բացվում է և վերածվում ջրվեժի: Ահա այսպես էլ առաջացել է ջրվեժի անվանումը` Շաքի:
Հիմա փակվել է զգեստը, վերացել ավանդությունը, վերացել է նաև Շաքին. Չէ որ ջրվեժը չի կարող լինել բացովի և փակովի: Ավելին հրապարակումների համաձայն` ջրվեժի բացման և փակման համար վճարում են նույնիսկ 5-ից 10 հազար դրամ, որոշ դեպքերում էլ կարելի է խնդրել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերության ներկայացուցչին, սպասել, մինչև ջրվեժը անվճար միացնեն և մի քանի րոպեով վայելել այն: Ստացվում է, որ բնության հուշարձան հանդիսացող Շաքի ջրվեժը ի հակառակ ավանդույթի նվաճվել է մասնավոր ընկերության կողմից և դարձել եկամտի աղբյուր:
Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի ձախակողմյան Շաքի վտակի վրա: Ջրվեժի բարձրությունը 18 մ է: Այն Հայաստանի ամենաբարձր և գեղեցիկ ջրվեժն է և ժամանակին հանդիսացել զբոսաշրջային վայր: ՀՀ կառավարության 2008 թվականի oգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշման համաձայն հանդիսանում է նաև բնության հուշարձան:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը», իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:
Սակայն իրականում, ՀՀ օրենսդրության համաձայն բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, Շաքիի ջրվեժը չի պահպանվում` Բնապահպանության նախարարության անգործության հետևանքով:
«Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող Շաքի ՓՀԵԿ–ի շահագործման հետևանքով Շաքիի ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ Շաքի գետը` Շաքիի ջրվեժից մինչև գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:
Առնվազն տարօրինակ և անհասկանալի է այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը սկզբում թույլատրում է Շաքի ՓՀԷԿ-ի աշխատանքը, հաշվի չառնելով հետևանքները, այնուհետև 2016 թվականին նախատեսում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ և ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին: Առավել տարօրինակ է, որ միայն 2017 թվականին է նախատեսում ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիների՝ հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ, սահմանում:
Civil voice-ը իր կոչ-պահանջն է ուղղում Բնապահպանության նախարարությանը`օր առաջ ապահովել ջրվեժի բնականոն գոյությունը:
Մանրամասները տեսանյութում