Հայաստանում քաղաքացիները հայտնվել են անպաշտպան վիճակում հանքարդյունաբերողների առջև. Վահագն Խաչատրյան

  Պարոն Խաչատրյան, ձեր գնահատմամբ, ի՞նչ հեռանկարներ ունեն մետաղական հանքավայրերի ազդեցության տակ գտնվող համայնքները տնտեսական և սոցիալական առումով, և Դուք ինչպե՞ս եք տեսնում հանքարդյունաբերող ընկերությունների պատասխանատվությունը համայնքների նկատմամբ:

 Տարիներ առաջ համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի բարձր գներ էին սահմանված: Այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչները և ներդրողները համոզված էին, որ մետաղների գները միշտ պետք է բարձր լինեն: Բայց աշխարհում այդ բնագավառում տեղի ունեցան էական փոփոխություններ: Ընկերությունները, որոնք զբաղվում են մետաղական հանքերի արդյունահանմամբ, կանգնեցին լուրջ խնդիրների առջև: Եթե 10 տարի առաջ այն համայնքները, որոնք ընդգրկված են այդ տարածքում, ինչ-որ առումով օգտվում էին՝ աշխատատեղեր, սոցիալական որոշ աջակցություն, հիմա այդ ընկերությունները գտնվում են սնանկացման եզրին: Եվ քանի որ 10-15 տարի առաջ որևիցե օրինական ձևով պահանջներ չէր դրվել այդ ընկերությունների առջև, քաղաքացիները, փաստորեն, հայտնվել են անպաշտպան վիճակում: Նրանք խոցելի են, և եթե նույնիսկ ինչ-որ հարց բարձրացնեն ընկերության առջև, ընկերությունը կարող է ասել՝ ես ձեր առջև որևէ պարտավորություն չունեմ: Հարկերը տալիս եմ, բնօգտագործման վճարները վճարում եմ, վերջ: Գնացեք, ձեր իշխանության ներկայացուցիչներին պահանջներ ներկայացրեք: Իսկ համաշխարհային միտումները մետաղների գների հետ կապված չեն հուշում, որ դրանք էական փոփոխության կենթարկվեն բարձրանալու առումով: Տեխնոլոգիական նորամուծությունները բերում են նրան, որ իրականում պղնձի կամ մոլիբդենի կարիքն այդ աստիճան չկա:

 Դուք ի՞նչ ռիսկեր եք տեսնում այդ առումով Հայաստանում:

 Չի բացառվում, որ այդ հանքերը փակվեն, ինչը շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել, քան աշխատելու դեպքում, քանի որ վնասազերծել արդեն շահագործված հանքերը բավականին ծախսատար է:

 Իսկ շահագործող ընկերությունները դրա համար պատասխանատվություն կրո՞ւմ են:

 Ոչ, որովհետև որևիցե պայմանագրում որևէ պատասխանատվության հարց չկա: Ինչո՞ւ են այդ ընկերությունները եկել Հայաստան: Կապիտալը ձգտում է դեպի այնպիսի երկրներ, որտեղ կյանքի կենսամակարդակը ցածր է, մարդիկ որևէ պահանջ չեն դնում:

 Ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:

 Մարդիկ պետք է ոտքի կանգնեն և համայնքների ղեկավարների հետ միասին պահանջներ դնեն կառավարության առջև: Ասեն՝ եկեք այս հարցին լուծում տանք. աշխատատեղերը կրճատվում են, սոցիալական, առողջապահական հարցերի լուծման համար ներդրումներ չեն իրականացվում: Ինչի՞ համար են իրենք աշխատում, միայն իրե՞նց: Իսկ ձեզ որպես հարկ վճարում են կոպեկներ…2015 թվականի պետական բյուջեի հաշվետվության համաձայն, ամբողջ բնօգտագործման և բնապահպանական վճարները 32 միլիարդ դրամից իջել են 28 միլիարդ դրամ: Ես կարծում եմ, որ դա շարունակական միտում կունենա, որովհետև պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղների գների անկման հետ: Եվ մի կարևոր հարց ևս. ընկերությունները իրենց ծախսերի մեջ հաշվի չեն առնում ապագայում թափոնների կամ պոչամբարների վերամշակման կամ կոնսերվացման հարցը:

 

Նյութի աղբյուրը՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում