Առանց թունանյութերի մթերք արտադրելու մշակույթ
Այսօր հաճախ կարելի է լսել օրգանական սնունդ օգտագործելու, գենոմոդիֆիկացված և թունավոր նյութերով հագեցած մթերքից խուսափելու անհրաժեշտության մասին: Այն թե, որքանով է հայ հասարակությունը տեղեկացված նրանից, ինչ ասել է «օրգանական սնունդ» և ինչպես տարբերակել բնական ու օգտակար մթերքները արհեստականից ու վնասակարից, «Loft»-ում կայացած օրգանական սննդի թեմայով հանդիպման շրջանակներում զրուցեցինք «Կանաչ Արահետ» ՀԿ-ի մարքեթինգային բաժնի ղեկավար Ստելլա Սարուխանյանի հետ:
«Օրգանական գյուղմթերքը, որը պատրաստվում եք գնել շուկայից, և որին այսօր հազվադեպ կարելի է հանդիպել, պարտադիր պետք է լինի սերտիֆիկացված: Սակայն երբ ֆերմերի տնտեսությունը փոքր է, նա դժվարությամբ է կարողանում անցնել այդ գործընթացը: Երբ ֆերմերը տեղեկացված է, որը մենք փորձում ենք ապահովել կազմակերպվող դասընթացների միջոցով, դա հնարավորություն է տալիս ձևավորել առանց թունանյութերի մթերք արտադրելու մշակույթը: Երբ մենք առաջարկում ենք հրաժարվել այդ վնասակար նյութերից, փոխարենը հաճախ անվճար նվիրում ենք անհրաժեշտ օգտակար պարարտանյութերն ու այլ ոչ վնասակար հավելումները»:
Այն հարցին, թե արդյո՞ք այսօր մեր հասարակությունը բավարար կերպով է տեղեկացված օրգանական սննդամթերքից, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հենց այդ նպատակով էլ ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կազմակերպվում է գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն, որի շրջանակներում հարյուրից ավելի ֆերմերներ գալիս են Երևան և ներկայացնում իրենց ձեռքով աճեցրած բնական գյուղմթերքը: Գլխավոր նպատակը ոչ այնքան վաճառք կազմակերպելն է, որքան քաղաքացի-ֆերմեր կապի ամրապնդումը և անմիջական շփումը:
«Մասնակիցներն ունեն ոչ մեծ տնտեսություններ: Մենք փորձում ենք օգնել ստեղծել սեփական փոքրիկ բիզնեսը, ճիշտ ներկայացնել և մատուցել այն սպառողին՝ այդպիսով ապահովելով նաև նրանց զբաղվածությունը և, միևնույն ժամանակ, հասանելի դարձնել օրգանական և մաքուր գյուղմթերքը քաղաքաբնակներին»: