Սաֆարի այգու տնօրենը պատմել է Տիմուրի ու Ամուրի ճշմարիտ ընկերության մասին
Սաֆարի այգու տնօրեն Դմիտրի Մեզենցեւը հերքել է Պրիմորյայի սաֆարի այգու նախկին աշխատակցուհի Եվգենիա Պատանովսկայայի տեղեկությունն այն մասին, որ Ամուր վագրի ու Տիմուր այծի ընկերության պատմությունը ինքն էր հորինել, հայտնում է PrimaMedia–ն:
«Մենք վագրին ողջ կենդանի մատուցելուց առաջ չենք կերակրում: Տիմուրին հանդիպելուց առաջ վագրը մեկ օր չէր կերել, նա այծի հետ երեք օր նույն վանդակում է մնացել, այդ ամբողջ ընթացքում վագրին չէինք կերակրում: Միայն չորրորդ օրը մենք որոշեցինք պատմել այդ անսովոր ընկերության մասին»,- հայտնել է Մեզենցեւը:
Նա շեշտել է, որ նման պատմությունը հնարավոր չէր հորինել կամ «սարքել»:
«Նրանք երկու ամիս միացին են ապրել, ինչպե՞ս պետք է մենք նման բան կազմակերպեինք: Եթե վագրը ուզեր ուտել այծին, կուտեր, բայց չի կերել: Նա ուտում էր մյուս այծերին ու վարազներին, որոնք Տիմուրից չափերով կրկնակի մեծ էին»,- պատմել է Մեզենցեւը:
Մինչ այդ սաֆարի այգու նախկին աշխատակցուհի Եվգենիա Պատանովսկայան հայտնել էր, որ իրականում կենդանիների միջեւ ոչ մի ընկերություն էլ չէր եղել, իսկ վագրը այդ ամբողջ ընթացքում պարզապես կուշտ է եղել:
Մեզենցեւն էլ իր հերթին ասել է, որ Պատանովսկայան սաֆարի այգու մամուլի քարտուղար չի աշխատել, այլ ընդամենը «տարբեր տեսակի գործեր էր անում»: Նաեւ հավելել է, որ Պատանովսկայան վիճել էր այգու մյուս աշխատակիցների հետ: