2016-ի վերջին Հայաստանում սպասվում է ամենատարբեր ոլորտներում աշխատող առնվազն 40 նոր գյուղատնտեսական կոոպերատիվների գրանցում. փոխնախարար

2016-ի վերջին Հայաստանում սպասվում է ամենատարբեր ոլորտներում աշխատող առնվազն 40 նոր գյուղատնտեսական կոոպերատիվների գրանցում։ Այս մասին Թբիլիսիում գիտաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր փորձում են նոր սննդամթերքների, օրինակ, հնդկաձավարի արտադրություն հիմնել։ Մի քանի կոոպերատիվ արդեն ձեւավորվել են հենց հնդկաձավար արտադրելու համար, դրանցից մեկը, որը գտնվում է Ծովագյուղում, միավորել է մոտ 100 գյուղացու, նշել է Հարությունյանը։

«Միավորելով գյուղատնտեսությունները՝ մենք փորձում ենք բարձրացնել հողերի արտադրողականությունը, որոնք օգտագործվելու են այդ արտադրության մեջ»,– նշել է Արմեն Հարությունյանը։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրներից՝ փոխնախարարը նշեց, որ դրանք միանման են Հարավային Կովկասի բոլոր երկրներում. ԽՍՀՄ օրոք գյուղատնտեսությունը հիմնված էր սովխոզների եւ կոլխոզների վրա, կար պլանային արտադրություն, որից այսօրվա մասնավոր տնտեսություններն արմատապես տարբերվում են։ «Արտադրության գործընթացն այսօր ամբողջովին փոխվել է. այսօրվա գյուղացին ինքն է որոշում, թե ինչ արտադրի եւ ինքն է գտնում իրացման շուկան։ Պետության խնդիրն է նրան ապահովել համարժեք խորհրդատվությամբ եւ ինֆորմացիայով, որպեսզի գյուղացին ավելի լավ հասկանա, թե ինչ արժի արտադրել այս տարի, որպեսզի կարողանա նորմալ եկամուտ ստանալ եւ շուկան ապահովել որակյալ եւ պահանջված արտադրանքով»,– ասել է Արմեն Հարությունյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում