Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների․ նախարար
Նոր աշխատանքային տարվա մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախանշել էր 2021 թվականին շրջակա միջավայրի առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, որոնց թվում էր ջրային ոլորտի համակարգային փոփոխությունների հարցը։ Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների։
Նախարարը շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության, ջրային քաղաքականության վարչության, ռազմավարական քաղաքականության վարչության պատասխանատուների, ոլորտն համակարգող փոխնախարար Տիգրան Սիմոնյանի և ջրավազանային տարածքային կառավարման 6 բաժինների ղեկավարների հետ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։
Քննարկվեցին ջրօգտագործման թույլտվությունների հայտերի ընդունման, դրանց գնահատման, երկարաձգման, չեղարկման ամբողջ ռազմավարության վերանայման, ՀՀ Ջրային օրենսգրքի մեջ փոփոխություններ անելու հարցը։
ՀՀ Ջրային օրենսգրքի առկա փոփոխությունները սառեցվել էին ամիսներ առաջ, որը վերամեկնարկեց երեկվա հանդիպմամբ և նախարարությունը հանդես կգա նոր օրենքի նախագծի փաթեթով։ Նոր ջրային օրենսգիրքը պետք է լինի համապարփակ և միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Շուտով կձևավորվի համապատասխան աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու վերհանել առկա օրենսդրական խնդիրները և առաջարկել նոր իրավակարգավորումներ։
Նախարարը ջրավազանային տարածքային կառավարման բաժինների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց նախքան նախագծի փաթեթը կառավարություն ուղարկելը՝ կարճ ժամկետում գույքագրել խնդիրները, առանձնացնել նկատառումներն ու առաջարկները։ Բոլոր առաջարկները պետք է լինեն առկա մարտահրավերները հաղթահարելու համատեքստում, գիտական հիմնավորվածությամբ և բալանսավորեն բնապահպանական շրջանակների ու տնտեսվարողի շահերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերը, իրականացվելիք քայլերը և որոշակի կառուցվածքային փոփոխությունների հարցեր։ Քննարկվել են ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի խախտումները․ պետք է կարողանալ օգտագործել գետերի ողջ պոտենցիալը՝ խստագույնս պահպանելով բնապահպանական նորմերը։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակին ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրության խնդրին։ Ավելի վաղ նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։ Ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։
Ամփոփելով հանդիպումը, նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ շատ կարևորում է նախարարության կենտրոնական ապարատի, ոլորտային ստորաբաժանումների և ենթակա ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։
«Պետք է լինի պատասխանատվության նորմ, որը կօնգի լուծել խնդիրները և հետագայում բացառել դրանց առաջացումը։ Մինչ օրս կան որոշակի երևույթներ, որոնք արգահատելի են և մերժելի՝ սկսած ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումից մինչև ջրային ոլորտի կառավարում։ Բոլորս պետք է գործենք միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահի»։