Երկրի բնակիչները զրկվել են Ծիր Կաթինը տեսնելու հնարավորությունից
ԱՄՆ բնակիչների մոտ 80%-ը և Եվրոպայի բնակիչների կեսը սկզբունքորեն գիշերը չեն կարող տեսնել Ծիր Կաթինը՝ գիշերային երկնքի չափազանց մեծ «լուսային աղտոտման» պատճառով: Այս մասին ասվում է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մեզ մոտ ԱՄՆ-ում մեծացել է մարդկանց մի ամբողջ սերունդ, որը երբեք Ծիր Կաթինը չի տեսել երկնքում: Դա Տիեզերքի մեծ մասն է, որը մենք հիմա աստիճանաբար կորցնում ենք»,- նշում է Քրիստոֆեր Էլվիջը Բոուլդերում Կոլորադո նահանգի համալսարանից:
Լուսային աղտոտումը տարածքի բնական լուսավորության խախտումն է լույսի արհեստական աղբյուրների գործելու հետևանքով, ինչը կարող է անոմալիաների հանգեցնել բույսերի և կենդանիների կյանքում: Լուսային աղտոտման հիմնական աղբյուրներն են խոշոր քաղաքները և արդյունաբերական համալիրները: Լուսային աղտոտում է առաջանում փողոցային լուսավորության, լուսավառ գովազդային վահանակների կամ լամպերի պատճառով: Եվրոպայում շատ դիսկոտեկներ լույսի ուժեղ ճառագայթներ են ուղարկում գիշերային երկինք:
Գիտնականները պարզել են, որ աղտոտման այդպիսի ձևը արդեն մոլորակի բնակիչների 30%-ին զրկել է գիշերային երկնքում Ծիր Կաթինի «գծին» նայելու հնարավորությունից՝ ուսումնասիրելով հետազոտությունների ընթացքում արբանյակների հավաքած տվյալները:
Այդ հարցում Երկրի ամենաաղտոտված վայրը Կահիրեն է. Եգիպտոսի մայրաքաղաքի արվարձաններում գիշերային երկնքում գործնականում հնարավոր չէ տեսնել Ծիր Կաթինը: Այս առումով ավելի քիչ, բայց դարձյալ վատ վիճակում են Լոնդոնը, Բոստոնը, Հոնկոնգը, Պեկինը և այլ խոշոր քաղաքներ:
Երկնքին ամենից լավ հնարավոր է նայել Աֆրիկայի մի շարք զարգացող երկրներում՝ Չադում, ԿԱՀ-ում, Մադագասկար կղզում, նաև Ավստրալիայում, Գրենլանդիա կղզու տարածքում:
Այս թեմայով




