Դավիթ Հարությունյան՝ թափանցիկ հանքարդյունաբերության համար ձևավորվելու է ճանապարհային քարտեզ
Թափանցիկ հանքարդյունաբերության համար ձևավորվելու է ճանապարհային քարտեզ: Այս մասին ԷկոԼուրի հետ հարցազրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (EITI) աշխատանքային խմբի ղեկավարն է:
ՀՀ կառավարության առաջարկով Համաշխարհային բանկը ուսումնասիրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը և պատրաստել «Հայաստան. հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում» զեկույցը:
«Այս զեկույցում խոսքը գնում է խոշոր խաղացողների մասին, որոնք կարողանում են ստանձնել թե բնապահպանական, թե սոցիալական պատասխանատվություն: Բերված են օրինակներ այն երկրների, որտեղ հանքարդյունաբերությունն իսկապես ինքնահարատ զարգանում է, և պետական քաղաքականությունը խթանում է հենց խոշոր խաղացողների մասնակցությունն այդ գործընթացին, ոչ թե յուրաքանչյուրը մի փոքրիկ հանք վերցրեց, տարավ, վաճառեց և այլն», - ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է կառավարությունը վերահսկելու այդ խոշոր խաղացողներին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանեց. «Նմանատիպ հարցերը մեզ էլ են մտահոգում, և դրա համար մենք պահանջեցինք վերլուծական աշխատանք: Մինչև մենք չունենանք տեսլական, ոլորտում այս կամ այն երևույթի դեմ ուղղակի պայքարելը հաջողության չի բերում»:
Հարցին, թե ինչպես են գնահատվում հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կոռուպցիան բնորոշ է մեր հասարակությանն այսօր, և դրա դեմ պետք է շատ լուրջ պայքար վարել, խոսքը չի վերաբերում միայն հանքարդյունաբերության ոլորտին»:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում գաղափարին, որ անհրաժեշտ է ազգայնացնել հանքարդյունաբերության ոլորտը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ավելի վատ գաղափար չեմ լսել»:
Նյութի աղբյուր՝ ecolur.org:
