Արմավիրի մարզում կարկուտի եւ քամու հետեւանքների վերացման համար 51 մլն դրամ կհատկացվի

Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքների վերացման եւ մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար 51 միլիոն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, համապատասխան որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր նիստում:

Հովիկ Աբրահամյանի Արմավիրի մարզ աշխատանքային այցի շրջանակում վարչապետին են ներկայացվել կարկտահարության եւ ուժեղ քամու հետեւանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արեւիկ, Եղեգնուտ եւ Արտաշար համայնքներին պատճառված վնասները: Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել եւ տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ: Գումար կհատկացվի մարզի Փարաքար եւ Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նաեւ Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:

Ինչպես նշել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով: Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաեւ հարեւան գյուղում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում