Քաղցրաշենցիների մի մասը դեռ սպասում է խոստացված գումարին
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործների մի մասը, որոնց դեռ չի վճարվել դեռ անցած տարի մթերած խաղողի գումարը, դեռ սպասում են իրենց խոստացված գումարին: NEWS.am-ի հետ զրույցում քաղցրաշենցիներից Սաշիկը նշեց, որ խաղողագործներին խոստացել են, որ մինչեւ հունիսի 12-ը մթերված խաղողի պարտքը կվճարվի, բայց մինչեւ այսօր դեռ ոչ մի նորություն չկա:
Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները հունիսի 3-ին մասամբ ստացել են դեռ անցած տարի մթերած խաղողի գումարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն էլ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ խաղողագործներին այս շաբաթ կվճարվի մթերված խաղողի դիմաց կուտակված պարտքի մի մասը: Նա ասել էր, որ վերամշակող ընկերությունները 31.5 միլիարդ դրամի խաղող են մթերել, խաղողագործներին 1.6 միլիարդ դրամ են պարտք:
Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:
Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:
Նշենք, որ խաղողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:
