Բնակչից հող են վերցնում առանց նրա իմացության
Գնդեվազցի Սասուն Հարությունյանը մեկն է այն երեք բնակիչներից, ում հողերի նկատմամբ կառավարությունը ճանաչեց բացառիկ գերակա հանրային շահ: Հողերը բնակիչներից օտարվել են Ամուլսարի ոսկու ծրագրի շրջանակներում «Գեոթիմ» ՓԲԸ-ին տրամադրելու և այդ տարածքներում կույտային տարրալվացման հարթակ կառուցելու նպատակով: ԷկոԼուրի հետ զրույցում Սասուն Հարությունյանը հայտնեց, որ իր հողի օտարման կառավարության որոշման մասին ընկերներից է իմացել, ընկերներն էլ՝ հեռուստաեթերից:
Ըստ Սասուն Հարությունյանի՝ իր հողի մակերեսը մոտ 5000 ք/մ է: «Գեոթիմ» ընկերությունը սկզբում հողի դիմաց առաջարկել է 2 միլիոն 800 հազար դրամ: Երբ Սասունը չի համաձայնվել, ընկերությունը խոստացել է ավելացնել գումարը 15 տոկոսով՝ դարձնելով 3 միլիոն 500 հազար դրամ: Սասուն Հարությունյանը իր հողի արժեքը գնահատում է 4 միլիոն 800 հազար դրամ:
«Սկզբում ես առաջարկեցի, որ գումարը ինձ պետք չէ, ինձ հող է պետք: Հող առեք, ինձ հող տվեք, ես հողի դիմաց փոխանակեմ: Հետո իրենք չհետևեցին, որ հող ման գան...Ես իրենց բացատրեցի, որ 1 ք/մ 500 դրամով հող չկա...այսօր 1 ք/մ հողն ամենքիչն արժե 1000 դրամ: Իրենք որոշեցին, որ հնարավոր չէ, 1000 դրամով հող չկա... Հետո լսում եմ, որ գերակա շահ են ճանաչում»,- ԷկոԼուրին պատմեց Սասուն Հարությունյանը և հավելեց, որ իր հողը ցորենի արտ է, և ինքն այդ հողից լավ բերք է ստանում եւ ունի մինչև 500-600 հազար դրամ տարեկան եկամուտ:
«Էս պահին սպասում եմ իրենց /ընկերության/ վերջնական պատասխանին: Եթե իրենք նորից չեն ուզում համաձայնվեն ինձ հետ, կդիմեմ դատարան, եթե դատարանը մերժի, կդիմեմ Եվրոդատարան», - ասաց Սասուն Հարությունյանը:
Մյուս բնակիչը, ում հողը ևս ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, Մխիթար Արշակյանն է: Վերջինս չի կարողացել վաճառել իր հողը, քանի որ այն գտնվում է կալանքի տակ:
«Իմ հողը՝ 600 ք/մ, կալանքի տակ է: Ես իմ կամքով եմ տվել իրենց, որ գերակա շահ ճանաչեն, որպեսզի կարողանա «Գեոթիմ»-ը վերցնի»,- ասաց Մխիթար Արշակյանը:
Ամուլսարի ծրագիրն իրականացնում է «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս իր «Գեոթիմ» դուստր ընկերության: Ամուլսարի ծրագրի շրջանակներում բաց եղանակով շահագործվելու է Վայոց ձորի և Սյունիքի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը: Հանքաքարից ոսկին կորզվելու է Գնդեվազ համայնքի վարչական տարածքում կառուցվող կույտային տարրալվացման հարթակում ցիանիդի միջոցով:
Նյութի աղբյուրը՝ ecolur.org:
