Հայաստանը շուտով ամուր տեղ կզբաղեցնի աշխարհի առավել գրավիչ զբոսաշրջային ուղղությունների շարքում. The Standard

Բնությունը Հայաստանին առատորեն պարգևել է հիասքանչ գեղեցկությամբ՝ գրում է քենիական The Standard թերթի կայքը: Պարբերականի լրագրող Շամլալ Պուրին գրում է. «Տեղի բնակիչներն իրենց երկիրն անվանում են վայր, որտեղ Աստված իջել է երկնքից»:

Այսպես. նշվում է, որ Հայաստանը լեռնային երկիր է, որը գտնվում է Հարավային Կովկասում: Երկիրն ունի բազմադարյա պատմություն և քրիստոնեական քաղաքակրթության օջախ է. արդեն 4-րդ դարում այստեղ եկեղեցիներ են կառուցվել:

Հայաստանի մայրաքաղաք Երևանը հանրահայտ է իր հոգևոր ժառանգությամբ: Օրինակ՝ հին հայկական ձեռագրերի պահոց Մատենադարանում կարելի է գտնել ավելի քան 1,500 հին ձեռագրեր, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի հարուստ պատմությունը: Ներկայումս Երևանը զարգացող քաղաք է, որն աստիճանաբար վերածվում է զբոսաշրջային կենտրոնի:

Հոդվածի հեղինակը գրում է, որ Հայաստանում ծովի բացակայությունը զարմանալիորեն փոխհատուցվում է բարձր լեռներով ու հովիտներով: Օրինակ՝ Արարատի ձյունածածկ լեռը ազգային խորհրդանիշ է:

Երևանում շատ տեսարժան վայրեր կան, որոնք անտարբեր չեն թողնի այցելուներին: Հանրապետության հրապարակը գտնվում է քաղաքի հենց սրտում: Հրապարակով զբոսնելիս զբոսաշրջիկների մոտ տպավորություն է ստեղծվում՝ կարծես իրենք դիսնեյան հեքիաթներում են: Այնտեղ առանձնակի գեղեցիկ է երեկոյան, երբ միացվում են շատրվանները, և դրանց ուղեկցող ջազ, փոփ, ռոք, դասական երաժշտությունը ոգեշնչում է անցորդներին:

Հանրապետության հրապարակի մոտ գտնվում են Ազգային պատկերասրահը և Հայաստանի պատմության թանգարանը: Ազգային պատկերասրահում կա հայ, ռուս և եվրոպացի նկարիչների ավելի քան 20 հազար նկար, իսկ Պատմության թանգարանում կարելի է ծանոթանալ հայկական մշակութային ժառանգության նմուշներին:

Հոդվածագիրը նշում է, որ հայկական ճարտարապետությունն առանձնանում է պարզությամբ և յուրահատկությամբ:

Եվս մեկ զարմանալիորեն գեղեցիկ վայր է Կասկադը, որտեղ կարելի է հանգստություն վայելել հուշարձանների մոտ նստելով կամ մեդիտացիա անել ջրի ձայնի ներքո: Այստեղ նաև շատ սրճարաններ և ռեստորաններ կան: Կասկադի բարձունքից բացվում է Հայաստանի մայրաքաղաքի գրավիչ տեսարան:

Վերնիսաժը հսկայական շուկա է, որտեղ վաճառվում են ձեռքի աշխատանքներ, արծաթյա զարդեր, հայկական ավանդական գորգեր, տարբեր հուշանվերներ և նկարներ:

Հեղինակը նաև նշում է, որ դասական երաժշտության սիրահարներն անպայման պետք է այցելեն քաղաքի կենտրոնում գտնվող Օպերայի և բալետի թատրոն, որտեղ կարելի է վայելել որակյալ երաժշտություն և գեղեցիկ պարեր:

Հայաստանը հայտնի է նաև կոնյակի և գինու արտադրությամբ: Երկրում կոնյակի ընկերություններ շատ կան, սակայն ամենահայտնին Երևանի կոնյակի գործարանն է, որտեղ այցելուներին բուրավետ կոնյակ են հյուրասիրում:

Լրագրողը գրում է, որ Հայաստանում, բացի Երևանից, շատ այլ տեսարժան վայրեր կան: Օրինակ՝ երկրի հարավային Վայոց ձորի մարզում է գտնվում Ջերմուկ փոքրիկ քաղաքը: Դա բարձրլեռնային հանգստավայր է, որտեղ այցելուները բուժվում են հանքային ջրերով:

Զբոսաշրջիկներին դուր կգան նաև Տաթևի վանքը, Գառնու տաճարը: Իսկ Սևանա լիճն իր լողափերով ու գեղարվեստական լեռներով առանձնանում է հազվագյուտ գեղեցկությամբ, ուստի այն անվանում են Հայաստանի մարգարիտ:

Եզրափակելով՝ հոդվածագիրը նշում է, որ Հայաստանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերում և առաջիկա տարիներին ամուր տեղ կզբաղեցնի աշխարհի առավել պահանջված զբոսաշրջային ուղղությունների շարքում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում