Աշխարհի 7 ամենաերկարակյաց կենդանիները (ֆոտո)

1. Երկպատյան խեցեմորթ Arctica islandica

Arcticidae ընտանիքին պատկանող այս երկպատյան խեցեմորթը բնակվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ 7-ից 400 մետր խորության վրա: Այսօր այս կակղամորթները համարվում են երկրագնդի ամենաերկարակյաց կենդանիները: 2006-2007 թվականներին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս խեցեմորթն ապրում է ավելի քան 500 տարի: Տարիքով ամենամեծ նմուշը, որ անվանվել է Մին, եղել է 507 տարեկան:

2. Հսկա կրիա

Հսկա կրիաները ցամաքային սողուններ են, որոնք բնակվում են Սեյշելյան կղզիախմբի Ալդաբրա կղզում: Այս կրիաները երկրագնդի ամենաերկարակյաց կենդանիներից են: Անազատության մեջ նրանք ապրում են ավելի քան 150 տարի:

Հսկա կրիաների մեջ ռեկորդակիր է եղել Կալկաթայի գազանանոցում բնակվող 250 կիլոգրամանոց Ադվայտա անունով կրիան, որը մահվան պահին եղել է 256 տարեկան:

Կրիաները ոչ միայն երկարակյաց են, այլև աշխարհի ամենահին կենդանիներից են: Կրիաների բրածո մնացորդներն ավելի քան 220 միլիոն տարեկան են: Կրիաների առաջացումն առայսօր վիճելի թեմա է: Գիտնականներից շատերը կարծում են, որ դրանց նախնիները եղել են պերմյան կոտիլոզավրերը:

3. Կոի կարպ

Կոի կարպերին անվանում են նաև դիպակե կարպեր: Սա սովորական կարպի դեկորատիվ, ընտելացված տեսակ է: Կոի կարպ է համարվում այն ձուկը, որն անցել է սելեկցիոն 6 ընտրություն: Այս բոլոր փուլերից հետո դրանց որոշակի դասակարգ է տրվում: Գոյություն ունի կոիների 80 տեսակ, որոնք բաժանվում են 16 խմբի:

Կոիների երկարակեցության մասին աշխարհն իմացել է 1966 թվականին: Ռադիոյով ելույթի ժամանակ ճապոնացի դոկտոր Կոմեյ Կոշիհարան պատմել է Հանակո անունով կարպի պատմությունը: Երբ Կոմեյը ծնվել է, գեղեցիկ ձուկն արդեն ապրում էր նրանց տան մոտի փոքրիկ լճակում: Անցնում են տարիներ, տղան մեկնում է սովորելու և ամեն անգամ վերադառնալիս տեսնում է, որ 70 սանտիմետրանոց ձուկը դեռ լողում է լճակում: Կոշիհարան տատին հարցնում է, թե քանի տարի է Հանակոն այնտեղ ապրում, տատը պատասխանում է՝ առնվազն 100 տարի:

Մեծանալով Կոմեյ Կոշիհարան որոշում է իմանալ Հանակոյի տարիքը: Օգնության համար նա դիմում է ձկնարդյունաբերական կայանում աշխատող իր ընկերոջը՝ Մասայուկի Ամանոյին: Հանակոյի թեփուկների հետազոտությունը ցույց է տալիս, որ Հանակոն գիտությանը հայտնի կարպերից ամենատարեցն է: Հետազոտության ժամանակ ձուկը 217 տարեկան էր: Հանակոն սատկել է 1977 թվականին՝ 226 տարեկան հասակում:

4. Եվրոպական ոստրե

Եվրոպական ոստրեն այսօր անհետացման եզրին է: Նախկինում այս կակղամորթներն օգտագործվում էին մարգարտի արդյունաբերության համար: Գերոնտոլոգներին այն սկսել է հետաքրքրել 2000 թվականին, երբ ռուս գիտնական Վալերի Զյուգանովը պարզել է, որ Եվրոպայում և Հյուսիսային ամերիկայում բնակվող այս ոստրեն ապրում է 210-250 տարի և երկարակեցությամբ ռեկորդակիր է համարվում քաղցրահամ ջրերում բնակվող բոլոր անողնաշարավորների մեջ:

Այս ոստրեներին հատուկ է աննշան ծերացման ֆենոմենը, որը հանդիպում է նաև 90-100 տարեկան մարդկանց մոտ: Երբ նրանք հասնում են այս տարիքին, ևս մեկ տարի ապրելու նրանց հնարավորությունը տարիքի հետ չի նվազում:

5. Կարմիր ծովային ոզնի

Ծովային ոզնիները զարմանալի արարածներ են: Դրանք կենդանական աշխարհի ամենաբազմաոտ ներկայացուցիչներն են: Ընդ որում՝ որպես ոտք նրանք օգտագործում են իրենց բազմաթիվ ասեղները, որոնց քանակը կարող է հասնել հազարի: Բացի այդ՝ ծովային ոզնիներն ունեն պարուրաձև աղիներ և կառուցվածքով յուրահատուկ մի օրգան՝ արիստոտելի լապտեր, որը կազմված է 5 բրգաձև ելուններից, որոնցից յուրաքանչյուրի մեջ կա մեկ սուր ատամ:

Ծովային ոզնիներն մոլորակի ամենահնաբնակ կենդանիներից են: Դրանք գոյություն են ունեցել դեռ պալեոզոյան դարաշրջանում: XIX դարում գիտնականները կարծում էին, որ ծովային ոզնիները երկար չեն ապրում՝ 15 տարի, սակայն ծովային ոզնիների վերջին ուսումնասիրությունները ապշեցուցիչ արդյունքներ են տվել: Պարզվում է՝ կարմիր ծովային ոզնիները կարող են աճել և զարգանալ ողջ կյանքի ընթացքում՝ առանց ծերացման նշաններ ցույց տալու: Այս կենդանիներն ապրում են մոտ 200 տարի, և դեռ հայտնի չէ, թե որքան կապրեին, եթե բնության մեջ չունենային թշնամիներ:

6. Խեցեմորթ գուիդակ

Խեցեմորթ գուիդակը տարօրինակ տեսք ունի: Այն կազմված է մարմնի չափսերի համեմատ փոքր խեցուց և երկու երկար սերտաճած սիֆոններից, որոնք կարող են հասնել մեկ մետր երկարության: «Գուդիակ» հնդկացիների լեզվով նշանակում է «խորը փորող»: Այն աշխարհի ամենախոշոր փորող խեցեմորթն է:

Գուիդակները երկարակյաց կենդանիներ են: Դրանց կյանքի միջին տևողությունը 146 տարի է, սակայն գիտնականներին հաջողվել է նաև 160 տարեկան առանձնյակ գտնել: Գուիդակները բնության մեջ գրեթե չունեն թշնամիներ: Բացի այդ՝ դրանց մոտ դանդաղեցված է նյութափոխանակությունը, որն էլ ապահովում է դրանց երկարակեցությունը: Այս խեցեմորթներին կարող են վնասել շնաձկները և մարդիկ: Գուիդակների միսն ուտում են Չինաստանում և Ճապոնիայում:

Գուիդակների էգերն իրենց ավելի քան 100 տարվա ընթացքում ավելի քան 5 միլիարդ ձու են դնում:

7. Գրենլանդական կետ

Կետերը մեր մոլորակի ամենախոշոր կենդանիներն են և բավականին երկարակյաց են: Գրենլանդական կետն ամենաերկարակյացն է ողնաշարավորների մեջ: Այս կաթնասունների կյանքի միջին տևողությունն այնքան էլ շատ չէ՝ մոտ 40 տարի, սակայն առանձին ներկայացուցիչներ ապրում են ավելի քան 200 տարի:

Կետերը հետաքրքիր են նաև նրանով, որ աճում են, զարգանում և բազմանում ողջ կյանքի ընթացքում: Ընդ որում՝ տարիքի հետ այս գործընթացները չեն թուլանում: Կետերը գերոնտոլոգներին հետաքրքրում են, որովհետև նույնիսկ ամենածեր կետերի մոտ ծերության նշաններ չեն նկատվում:

Առայսօր հստակ պատասխան չկա, թե ինչից են սատկում կետերը: Կետերի տարիքը կարելի է որոշել աչքի բյուրեղիկի սպիտակուցի պարունակությամբ: Դրա մգեցումը կետերի ծերության միակ ցուցիչն է: Գերոնտոլոգ Վլադիմիր Սկուլաչևը կարծում է, որ, հնարավոր է, կետերը կուրանում են, իսկ հետո ուղղակի ջախջախվում են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում