Իրանը ծանր ջուր կվաճառի ԱՄՆ-ին գումարն ստանալուց հետո

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, երկրի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը ծանր ջուր չի վաճառի ԱՄՆ-ին, քանի դեռ կազմակերպության հաշվին չի նստի համապատասխան գումարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը համաձայնագիր է ստորագրել 32 տոննա ծանր ջուր գնելու մասին, որն օգտագործվել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում: Գործարքը գնահատվել է 8.6 միլիոն դոլար:

Սալեհին հայտարարել է, որ երկու միլիարդ դոլարի հետ կապված գործընթացի մեկնարկից հետո դիմել է կազմակերպության գծով իր գործընկերներին, որպեսզի նրանք զերծ մնան ծանր ջուր մատակարարելուց:

ԱՄՆ Գերագույն դատարանը ապրիլի կեսին մերժել էր Իրանի Կենտրոնական բանկին սառեցված ակտիվներից երկու միլիարդ դոլար վերադարձնել՝ համարելով, որ այդ գումարը պետք է վճարվի ամերիկյան այն ընտանիքներին, որոնց ազգականները զոհվել են 1983 թվականին Բեյրութում տեղի ունեցած և մյուս ահաբեկչությունների ժամանակ:

Խոսելով Ռուսաստանին 40 տոննա ծանր ջուր վաճառելու խնդրի մասին՝ Սալեհին հայտարարել է, որ դեռ չկա վերջնական համաձայնագիր, և որ կողմերը դեռ համաձայնեցնում են դրա մանրամասները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում