Իրանն ու Ադրբեջանը պլանավորում են մեծացնել էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Ադրբեջանը պլանավորում են էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը հասցնել մինչև 500 մեգավատտի։ Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆալահաթիանը։
Նրա խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում։ Ֆալահաթիանն ընդգծել է, որ ներկայումս Թեհրանի ու Բավքի միջև էներգետիկ փոխանակման ծավալը հասնում է 10 մեգավատտի։
Փոխնախարարը հույս է հայտնել, որ այդ ցուցանիշը կմեծանա ենթակառուցվածքների վրա աշխատանքների ավարտից հետո։
Ավելի վաղ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը հայտարարել էր, որ Ադրբեջանը Իրանին կսկսի էլեկտրաէներգիա վաճառել Մուղանի էլեկտրահաղորդագծի ավարտից հետո։