Ուժգին քամու հետևանքով վնասվածք է ստացել 9 անձ, որոնցից 7-ը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր ուժեղ քամու հետևանքով վնասվածք է ստացել 9 քաղաքացի, որոնցից 2-ին տեղում օգնություն է ցուցաբերվել, իսկ 7-ը տեղափոխվել է հիվանդանոց:

«Վնասվածքները ծանր չեն եղել, հիմնականում եղել են քերծվածքներ, վերքերը մշակելու խնդիր կար, բայց լուրջ վնասվածք չի եղել»,-ասաց նա և նշեց, որ տուժածներից մեկի դեպքում տանիքից ինչ-որ բան է ընկել նրա վրա, մյուս դեպքում՝ ծառն է վնասել:

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ գրանցվել է 135 տան տանիքի կառուցատարրերի, 72 ծառի, 8 գազի և 2 ջրի խողովակաշարի, 6 գովազդային վահանակի, 2 պատուհանի և 16 էլ սյան (էլ. լարեր) վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում՝ 4 դեպք (վնասվել են տան տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 8 դեպք (1 ծառ, 6 տան և 1 դպրոցի տանիքներ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (2 ծառ, 1 դպրոցի, 1 ավտոտնակի և 1 տան տանիքներ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ):

Ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ:

Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 269 դեպք, որից 241-ը՝ Երևանում, իսկ 28-ը՝ մարզերում:

Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ ուժգնությամբ: Քամու հետևանքով առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ:

Նշենք նաև, որ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը Tert.am-ին հայտնել էր, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել։ Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=5722&l=am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում