Վրաստանում կստեղծվի աշխարհի հինգերորդ խոշոր տեխնոլոգիական ինստիտուտը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում գործելու է աշխարհի հինգերորդ խոշոր տեխնոլոգիական ինստիտուտը՝ Իտալիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից ու Ավստրիայից հետո:
Տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Վրաստանի կառավարությանը: Նախագիծն ամբողջովին ֆինանսավորելու է «Կարտու» բարեգործական հիմնադրամը:
«Տեխնոլոգիական ինստիտուտը մեր երկրի համար դարակազմիկ նշանակություն ունեցող նախագիծ է: Ես վստահ եմ, որ այդ ինստիտուտը կդառնա տարածաշրջանի գիտա-կրթական հեղինակավոր կենտրոններից մեկը»,- նախագծի շնորհանդեսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նախագծի շնորհանդեսին մասնակցել են առաջատար գիտնականներ, պրոֆեսորներ, գիտահետազոտական կենտրոնի և ինստիտուտների ուսանողները, ինչպես նաև Վրաստանի կառավարության անդամներն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծման նպատակը հիմնարար և կիրառական գիտահետազոտական համալիրի ձևավորումն է: Ինստիտուտում կստեղծվի նաև հետազոտությունների համար գիտափորձարարական ժամանակակից բազա:
