Թռչունների վերացումն առաջին հերթին մեզ է վնասում. բնապահպաններն ահազանգում են

Վաղը՝ մայիսի 14-ին, ամբողջ աշխարում նշվում է չվող թռչունների օրը:

«Ուրբանիզացիայի, մարդածին գործոնների պատճառով բազմաթիվ կենսամիջավայրեր, որտեղ ապրում և չվի ժամանակ իջնում են թռչունները, ավիրվում, փոխվում և տարիների ընթացքում իսպառ վերանում են։ Եվ երբ թռչունների երկրագնդի մի մասից մեկ այլ մասն են տեղափոխվում՝ փորձելով կայացել իրենց սովոր կենսամիջավայրում, այն ձևափոխված են գտնում կամ, որ ավելի վատ է, ընդհանրապես չեն գտնում։

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ ԱՄՆ-ում ընդունվեց կոնվենցիա, որը միգրացիայի ժամանակ պաշտպանում է չվող թռչուններին»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը։

Բնապահպանի խոսքով՝ չվին նպաստող ու խանգարող մի շարք գործոններ կան։ Հիմնական խնդիրներից նա առանձնացրեց թռչունների՝ էլեկտրասյուներին բախվելն ու ինքնաթիռների հանդիպելը, ինչես նաև որսագողությունը՝ միգրացիայի ժամանակ։

Թռչունները կարող են թռչել 70-90 ժամ՝ կտրելով մոտավորապես 4000 կմ ճանապարհ, փոքր թռչունները թռչում են 30 կմ/ժ արագությամբ, ավելի խոշորները՝ 70 կմ/ժ։ Այդ պատճառով էլ խոշոր տեսակների չուն առանձնացվում է մանր տեսակներից։ 

«Նախորդ տարի՝ 2015 թվականին, թռչունների օրն անցկացվում էր «Անվտանգ էլեկտրաէներգիայի աղբյուրներ՝ թռչունների համար» կարգախոսով։ Այդ տարի մենք միացանք «Եվրոպական ֆորումին» և Արարատի մարզի Սուրենավան և Արմաշ գյուղերում մի ծրագիր իրականացրինք։ Երբ տեղի բնակչության հետ խոսեցինք,  պարզվեց, որ բազմաթիվ բներ վառվել էին, քանի որ մոտիկ էին էլեկտրական սյուներին։ Մենք էլեկտրասյուներից հեռու, ավելի բարձր տեղադրեցինք մոտ 20 արհեստական բներ, որպեսզի չվից վերադառնալով՝ արագիլները կարողանան անվտանգ բնադրել։

Ինչպես նաև կատարել ենք թռչունների օղակավորում՝ չվին հետևողական լինելու համար»։ 

Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ վերջին տարիներին արագիլների մեծ մասը պարզապես չի չվում, այլ սեզոնին մնում է Հայաստանում։ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության կրթության մասով պատասխանատու Կարինե Փանոսյանի խոսքով՝ այդ միտումը նկատվում է ոչ միայն արագիլների, այլ նաև այլ կենդանատեսակների մոտ.

«Տաք բնակլիմայական գոտում ապրող կենդանին տարվա մի մասը, երբ ապառում է տարածքի սնունդը, ստիպված է լինում գնալ հյուսիս՝ մինչև հարավում կվերականգնվի իր սննդային բազան։ Չհեռացող կենդանին մեզ հուշում է, որ բալանսը խախտվել է։ Գլոբալ տաքացման խնդիրն այնքան է խորացել, որ թռչունն ամբողջ տարին կարող է սնվել նույն վայրում, քանի որ ցուրտը նրան չի խանգարում։

Սա խնդիրներից մեկն է միայն։ Կարևոր է նաև աղբի հարցը։ Արագիլների բներում ինչի ասես՝ կարելի է հանդիպել. պոլիէթիլենային թաղանթից մինչև ձկնորսական ուռկան, շշերի խցաններ, թելթր, ժապավեններ։ Էլ չեմ խոսում պլաստիկի մասին, որի կիրառումը մեզ մոտ ծայրահեղ աստիճանի է հասել։

Պետք է պայքարել սրա դեմ, եթե չենք ցանկանում վնասել մեզ շրջապատող աշխարհը։ Թռչունների վերացումը վտանգում է մեր առողջությունը: Թռչունների թվաքանակի կրճատումն առաջին հերթին մեզ է վնասում. թռչունները վերանում են, ավելանում են միջատները, որոնք հիվանդությունների ակտիվ տարածողներ են»։

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում