Քաղաքացին Աժդահակ լեռան խառնարանային լճի ջուրն օգտագործել է ապօրինաբար (ֆոտո)

2020 թվականի օգոստոսի 12-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և ոստիկանների հետ համատեղ շրջայց են իրականացրել Աժդահակ լեռան խառնարանալճի տարածքում և տեղում ապամոնտաժել խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։
Օրեր առաջ Տեսչական մարմնի Թեժ գծին ահազանգ էր ստացվել Աժդահակ լեռան խառնարանային լճից ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է ԲԸՏՄ մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրությամբ մասնավորապես ասվում է․ «Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ Նշենք, որ դեռևս 2019 թվականին նույն անձը, նույն արարքի համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խնդրի մասին ահազանգել է Կարինե Փանոսյանը՝ գրելով․ «Այս լիճը հանդիպեցինք Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լիճն է՝ բնության հուշարձան։ Դուք տեսնում եք լճի ներկայիս չափերը։ Սպիտակ օղակով նշել եմ լճի նախկին չափը։ Դեղին եռանկյունին ցույց է տալիս այն պոմպը, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար»։

Շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես արձագանքել է ահազանգին՝ գրելով․  «մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։ Ըստ օգտատերերի, մի քաղաքացի՝ պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։

Նշենք, որ այդ լճից ջրառ իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի։

Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է գրություն ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում