Առյուծ. ՀՀ Կենդանիներ

Առյուծ (լատ.՝ Panthera leo), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։Առյուծը կենդանիների արքան է: Տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում։ Սակայն, ներկայումս նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են։ Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում։ Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում։

Ներկայում գոյություն ունեցող կատվազգիների մեջ երկրորդն է իր մեծությամբ (զիջում է միայն վագրին), որոշ առանձնյակների քաշը կարող է լինել 250 կգ:

Նկարագրությունը

Չափահաս արու առյուծի մարմնի երկարությունը 170-250 սմ է, էգինը՝ 140-175։ Ուսերի մասում բարձրությունը համապատասխանաբար 123 և 107 սմ է։ Արուների պոչի երկարությունն է 90-ից 105, էգերինը՝ 70-ից 100 սմ։ Մարմնի ամենամեծ՝ 3.3մ երկարությունն ունեցել է 1973 թվականի հոկտեմբերին Անգոլայի հարավում սպանված սև բաշով առյուծը։

Հայտնի առյուծներից ամենածանրը եղել է 1936 թվականի Հարավային Աֆրիկայում սպանված 313 կգ քաշով մարդակեր առյուծը։

Չափահաս արուի քաշը 150-250 կգ է, էգինը՝ 120-182։ Հարավային աֆրիկայի առյուծների քաշը 5%-ով ավելի է մայրցամաքի արևելյան մասում ապրողներինից։

Տեսքը

Առյուծն ունի յուրահատուկ տեսք։ Արուներն էգերից տարբերվում են նրանով, որ նշանակալիորեն ավելի խոշոր են և ունեն ուսերը, մեջքի մի մասը և կուրծքը ծածկող բաշ։ Գունավորումն ունի դեղնամոխրագույնի տարբեր երանգներ։ Բաշն ավելի մուգ է կաշվի գույնից, երբեմն լինում է սև։ Մարմնի վրայի մազերը կարճ են, միայն պոչի ծայրին ունենում է երկար մազափունջ։

Կենսակերպը

Վարում է գիշերային կյանք։ Մսակեր է։ Առյուծներն ապրում են խմբերով, որոնց անվանում են պռայդ, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր։ Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, միմյանցից անբաժան և միասին են մեծացնում իրենց ձագերին։

Առյուծն ապրում է 25-30 տարի։ Որսորդության դուրս են գալիս էգերը հիմնականում գիշերը, արուները օգնում են էգերին երբ որսը պետք է լինի ընձուղտ կամ այլ խոշոր կեդանի։ Էգերը իրենց մեջ ընտրում են հզորներին, ճարպիկներին և արագավազներին։ Որսի ժամանակ նրանք դարան մտնելով շրջապատում են զոհերին, այնուհետև արագավազները կատարելով առաջին քայլը վազում են զոհերի հետևից։ Զոհերի ճանապարհը կտրում են ճարպիկները և ցատկելով զոհերի վրա բռնում նրանց վզի, իսկ առջևից հզորները սեղմելով վզից խեղդամահ անում զոհին։ Բայց թե արագավազները և թե ճարպիկները աշխատում են ոչնչացնել զոհերին։

Պահպանությունը

Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն են եղել։ Տեղի բնակիչները հազվադեպ են կարողացել առյուծ որսալ։ Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է ներխուժել և մարդկանց աչքի առաջ քարշ տվել-տարել ցլիկ կամ կով։

Մարդիկ կարծել են, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա։ Սակայն ստացվել է հակառակը. հիվանդությունների տարածման հետևանքով ավելի շատ կենդանիներ են ոչնչացել։ Պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին։ Այժմ առյուծների որսն արգելված է։ Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար։

Առյուծներ կան նաև Երևանի և այլ քաղաքների կենդանաբանական այգիներում։ Ներկայումս առյուծների մեծ մասն ապրում է Աֆրիկայի հարավային և արևելյան մասերում։ Նրանց քանակությունն արագ կրճատվում է։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում գլխաքանակը պակասել է 30-50%-ով։ 2002-2004 թթ. առյուծների քանակը գնահատվում էր 16.5-47 հազար հատ, այն դեպքում, երբ 1970 թ. եղել են 100 000 և 1954 թ. հնարավոր է՝ 400 000։ Մարդու միջամտությունը առյուծների քչացման հիմնական պատճառներից մեկն է։

Բազմացումը

Էգ առյուծն ընդունակ է բազմանալու չորս տարեկանից։ Հղիությունը տևում է միջինը 110 օր։ Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որոնք սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են (մոտավորապես 30 սմ, քաշը՝ 1.2-2.1 կգ) ու խայտաբղետ, նրանք մեծանալով դառնում են միագույն։ Կորյունները ծնվում են կույր և անօգնական։ Աչքերը բացվում են ծնվելուց մի շաբաթ հետո։

Բացի սովամահ լինելը, կորյունների համար վտանգ են ներկայացնում նաև այլևայլ գիշատիչներ՝ բորենիները, շնագայլերը, հովազները, արծիվները և օձերը։ Նույնիսկ գոմեշները, կորյունների հոտն զգալով վազում են նրանց թաքստոցի մոտ և ամեն կերպ ցանկանում են նրանց ոտնատակ անեն, քանի դեռ մայր առյուծը որսի է գնացել։ Եթե խմբի գլխավոր առյուծին դուրս է մղում մի ուրիշը, նա սպանում է հաղթվածի կորյուններին։

Ընդհանուր առմամբ, առյուծների 80%-ը սատկում են մինչև երկու տարեկան դառնալը։

Առյուծի կերպարը մշակույթում

Առյուծի պատկերը Դարեհ I-ի պալատում։ Աքեմենյան պետություն (մ.թ.ա. 550-330 թթ.)
Հազարամյակների ընթացքում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների մշակույթներում հանդես է եկել որպես ուժի և մեծահոգության խորհրդանիշ։ Առյուծը համարվում էր «գազանների արքա» և ծառայում էր որպես թագավորների և պետականության դրական կերպար։

Առյուծների հնագույն նկարներ են հայտնաբերվել 15 000 տարվա պատմություն ունեցող Լասկոյի քարանձավում և 32 000 տարվա պատմություն ունեցող Շովեի քարանձավում։ Այդ քարանձավները գտնվում են Ֆրանսիայում։

Առյուծի կերպարն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։ Առյուծներին կանգնեցվել են արձաններ, պատկերվել են զինանշաններում, նրանց մասին հյուսվել են լեգենդներ։

Դանիելը առյուծների վանդակում

Պարսից Դարեհ արքան որոշում է հանում, ըստ որի երեսուն օրվա ընթացքում իրենից բացի ոչ մեկն իրավունք չուներ աղոթել որևէ աստծու։ Արքայի պաշտոնյաներից Դանիելը շարունակեց աղոթել ըստ իր սովորության և իմանալով, որ դրա համար իրեն կարող է սպանեն։ Իր որոշման համաձայն Դարեհը պատժելու համար Դանիելին գցում է առյուծների մոտ։ Սակայն, նա մնում է անվնաս և հաջորդ օրն ազատվելուց հետո այն մարդիկ, ովքեր համոզել էին արքային Դանիելին վնասելու համար այդ որոշումը հանելու, իրենց նետեցին առյուծների մոտ։

Առյուծը անուններում

Միջնադարում «Առյուծը» եղել է մի քանի տիրակալների մականուն, ինչպես, օրինակ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը, Սաքսոնիայի դուքս Առյուծ Հենրին (գերմաներեն՝ Heinrich der Löwe), Շոտլանդիայի թագավոր Առյուծ Ուիլյամը, Ֆլանդրիայի Ռոբերտ 3-րդը, ում ասում էին «Ֆլանդրիայի Առյուծ», ով մինչ օրս համարվում է Ֆլանդրիայի ազգային խորհրդանիշը։

Առյուծը «Սասնա ծռեր» էպոսում

«Սասնա ծռեր» էպոսում Մեծ Մհերի մականունն էր՝ Առյուծաձև, քանի որ նա սպանել էր մարդակեր առյուծին։ Ըստ էպոսի՝ Մեծ Մհերը, մի ձեռքով բռնելով առյուծի վերին ծնոտը, մյուսով՝ ստորինը, նրան պատռելով բաժանել է երկու մասի՝ «ձևել է»։ Այստեղից էլ ստացել է իր մականունը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում