Լվեր. ՀՀ Կենդանիներ
Լվեր (լատ.՝ Siphonaptera), արյունածուծ միջատների կարգ։ Հայտնի է մոտ 1800, Հայաստանում՝ 72 տեսակ։ Մանր, անթև միջատներ են։
Արտաքին կառուցվածք
Մարմինը (երկարությունը՝ 1-5 մմ, «ամրակայված» էզերինը՝ մինչև 20 մմ) կողքերից խիստ սեղմված է՝ ծածկված խիտինային խոզանիկներով, որոնք հարմարված են բրդի ու փետուրների մեջ ազատ շարժվելուն։ Ոտքերը, հատկապես հետինները, լավ են զարգացած, դրանց առանձնահատուկ մկանային կառուցվածքը բարձր ու հեռու ցատկելու հնարավորություն է տալիս։ Աչքերը հասարակ են, երբեմն՝ ապաճած։ Բերանային ապարատը կտրող-ծակող-ծծող է։
Բազմացում և զարգացում
Կյանքի ընթացքում էգն արտազատում է մինչև 500 ձու։ Ձվադրում են հատակի ճեղքերում, հողում, անասնակացարաններում։ Զարգացումը կատարվում է լրիվ կերպարանափոխությամբ. անցնում են 4 փուլ՝ ձու, թրթուր, հարսնյակ, հասուն միջատ (իմագո)։
Մակաբուծություն
Բոլոր լվերի հասունները տաքարյուն կենդանիների (այդ թվում՝ մարդու) օբլիգատ մակաբույծներ են. սնվում են նրանց արյունով (առանց սնվելու ի վիճակի են ապրել երկար ժամանակ)։ Լվերի մեծամասնությունը (94%-ը) կաթնասունների արտաքին մակաբույծներ են, մյուս մասը՝ թռչունների։
Տարածվածություն
Տաքարյուն ցամաքային կենդանիների օգնությամբ ներթափանցելով նրանց բնակության զանազան կենսավայրեր՝ լվերը լայնորեն տարածվել են և հանդիպում են բոլոր կենդանաաշխարագրական մարզերում ու լանդշաֆտակլիմայական գոտիներում։ Քանակային և տեսակային մեծամասնություն են կազմում կրծողների (դաշտամկներ, ավազամկներ, գետնասկյուռներ, առնետներ) լվեր։
Համաճարակաբանություն
Ունեն մեծ համաճարակաբանական, նշանակություն. հատուկ վտանգավոր վարակների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հիմնական, երկրորդական կամ պատահական փոխանցողներ են։
Պայքարի միջոցներ
Պայքարի միջոցները, ֆոսֆորօրգանական միացությունների ջրային լուծույթներ։