Ծովոզնիներ. ՀՀ Կենդանիներ

Ծովոզնիներ (լատ.՝ Echinoidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Մարմինը մինչև 30 սմ է՝ ծածկված կմախքային թիթեղիկների շարքերով, որոնք զրահ են առաջացնում և կրում շարժունակ ասեղներ ու պեդիցելյարներ։ Բաժանվում են 2 ենթադասի՝ կանոնավոր և անկանոն ծովոզնիներ։ Առաջինների բերանն ունի ծամող ապարատ, որով քարերի վրայից քերում, պոկում են ջրիմուռները։ Անկանոն ծովոզնիները սնվում են դետրիտով և չունեն ծամող ապարատ։

Հատակային սողացող կամ տիղմի մեջ ընկղմված կենդանիներ են։ Շարժվում են ամբուլակրալ ոտիկների և ասեղների միջոցով։ Բաժանասեռ են, զարգանում են հատակային էխինոպլուտեուս թրթուրով։ Առանձին ձևեր կենդանածին են։

Հայտնի է ժամանակակից ծովոզնիների ավելի քան 800 տեսակ, որից 40-ը՝ նաև նախկին Խորհրդային Միության տարածքի շրջապատող ծովերում։ Տարածված են բնականոն աղայնություն ունեցող օվկիանոսներում և ծովերում (մինչև 7000 մ խորության վրա)։

Ծովոզնիների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն, օգտագործվում է խավիարը։

Ծովաշուշաններ

Ծովաշուշանները կպչում են հատակին և ավելի շատ նմանվում են բույսերի, նրանք և՜ «ցողունիկ» ունեն, և՜ «ծաղիկ», իսկ «պսակաթերթիկներից» տարածվում են հովհարանման ծոպեր, որոնք ջուրը մղում են դեպի «ծաղկի» «պսակաթերթիկների» մեջ տեղավորված բերանը։ Ջրի հետ ծովաշուշանի բերան են ընկնում մանր կենդանիներ, որոնցով նա սնվում է։ Ծովաշուշանները թշնամու հետ կռվելիս կարող են դեն նետել «ծաղիկը», որը հետագայում նորից աճում է։

Ծովաստղեր

Ծովաստղերը դանդաղ շարժվում են հատակով՝ հերթով շարժելով 5 ճառագայթները։ Այս կենդանիները գիշատիչներ են, որոնց զոհերը հիմնականում փափկամարմիններն են։ Եթե զոհը չափազանց մեծ է, ծովաստղն իր բերանի խոռոչով դուրս է շրջում ստամոքսը, նրանով փաթաթում զոհին և մարսում մարմնից դուրս։ Ծովաստղը թշնամու հետ կռվելիս կարող է կորցնել իր ճառագայթներից մեկը և թաքնվել։ Ճառագայթը հետագայում նորից աճում է մի ճառագայթից կարող է նույնիսկ ամբողջ աստղ աճել։

Ծովագլաններ

Ծովագլանների կմախքային թիթեղիկները քիչ են։ Նրանց բերանը շրջապատված է ճյուղավորված 10 շոշափուկներով։ Ծովային մանր կենդանիները կպչում են այդ շոշափուկներին, որոնց ծովագլանը հերթով տանում է բերանը։ Ծովագլանների համար սարսափելի չէ անգամ իրենց մարմնի մեծ մասի (նույնիսկ ներքին օրգանների) կորուստը, որովհետև դրանք վերականգնվում են։

 



Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում