Հացենի. ՀՀ Բույսեր
Հացենի (լատ.՝ Fraxinus), ձիթենազգիների (Oleaceae) ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։
Ընդհանուր բնութագիր
Բարձրությունը 20-40 մ է։ Տերևները բարդ են, հակադիր, կենտփետրաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։ Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։
Հայաստանում
ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ. բարձր կամ սովորական հացենի (F. excelsior), մինչև 30 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի։
Տարածում
Աճում է կաղնու-բոխու, ղաժու, հաճարենու և այլ տեսակների հետ։ Երկրորդը հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։
Հացենի պենսիլվանյան
Հացենի պենսիլվանյան (Fraxinus pennsylvanica Marshall), ունի 15-25 մետր բարձրություն, բնի տրամագիծը՝ 1 մետր է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշամոխրագույն է, ճաքճքված։ Ընձյուղները մոխրագույն են, ծածկված սպիտակ ոսպնյակներով։ Հայաստանում մասսայաբար օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։
Կլորատերև հացենի
Կլորատերև հացենին (F. rotundifoila) 15-25 մ բարձրությամբ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկի հովիտ), Սյունիքի մարզում, Սևանի ավազանում։
Կիրառություն
Ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Գեղազարդարիչ են, կիրառվում են կանաչապատման համար։ Բնափայտն ամուր է, ճկուն, գեղեցիկ նախշերով, օգտագործվում է մանր գործիքաշինության, շինարարության տարբեր բնագավառներում։ Գեղազարդիչ է, կիրառվում է կանաչապատման, անտառային մշակաբույսերի և պաշտպանական անտառաբուծության մեջ։ Ապրում է մինչև 300 տարի։