Ավազամկներ. ՀՀ Կենդանական աշխարհը

Ավազամկներ (լատ.՝ Gerbillinae), կրծողների կարգի ընտանիք։ Ընդգրկում է մոտ 18 ցեղ և 80 տեսակ։ Հայաստանում հանդիպում է ավազամկների 4 տեսակ՝ պարսկական ավազամուկ, Վինոգրադովի ավազամուկ, փոքրասիական ավազամուկ և Դալի ավազամուկ։

Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 5-20 սմ է, պոչինը՝ 3- 24, 5 սմ։ Արտաքինից նման են առնետներին, բայց պոչը մազակալած է և վերջանում է քիչ թե շատ արտահայտված, սովորաբար՝ սև վրձնիկով։ Հետին վերջույթներն ավելի երկար են, քան առջևինները։ Որոշ ավազամկներ շարժվում են ցատկելով։ Մորթու գույնը դեղնաավազագույնից գորշաավազագույնի մուգ երանգներով է, փորի մասը՝ ավելի բաց։

Տարածվածություն
Տարածված են Հարավ-արևելյան Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Հայտնի է ավազամկների 12 տեսակ, որից 4-ը (պարսկական, վինոգրադովի, կեսօրյա և փոքրասիական) ՀՀ-ում (Արարատյան հարթավայրում, Մեղրիի, Ղափանի, Իջևանի շրջաններում)։ Ապրում են անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում։

Սննդառություն
Սնվում են հիմնականում բուսական կերերով։ Վնասատու են, փչացնում են ցանքերը, երկաթուղիների և ոռոգիչ ջրամբարների հողաթմբերը, տարածում որոշ վարակիչ հիվանդություններ։ Բնակվում են անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային գոտիներում (մինչև 2200 մ բարձրություններում), որտեղ հաճախ գերիշխող տեսակ են։ Տեսակների մեծամասնությունը վարում է գաղութային, մյուսները՝ կիսագաղութային կամ մենակյաց կյանք։ Բնակվում են գետնափոր, հաճախ՝ բարդ կառուցվածքով բներում։ Սնվում են բույսերի կանաչ մասերով և սերմերով։ Մի շարք տեսակներ ձմեռման համար կուտակում են սերմեր։ Գործունյա են կլոր տարին, հիմնականում՝ մթնշաղին և գիշերը։

Բազմացում և զարգացում
Բազմանում են տարին 3-4 անգամ (Հայաստանում՝ 2-3), յուրաքանչյուր անգամ ունենում մինչև 11 ձագ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում